Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, այնուհետև անցել մայթով, հարվածել Toyota-ին ու Nissan-ին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վերջինս ստացել է 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել է նաև նրա փայծաղը: