Կոտայքի մարզում Toyota-ն մխրճվել է ավազով բարձված ЗИЛ-ի մեջ, վիրավորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Վանյանի վարած Toyota Camry և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։