1 Հուլիսի, 2022

«Չորրորդ իշխանությունը» գրում է

«Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար: Լևոն Սարգսյանի փեսան էլ դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Դատարանը կալանքի տակ գտնվելու ժամկետը միացրեց իրար և վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։

Հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։  2019-ի նոյեմբերին Սարգսյանին հայտնաբերեցին Մոսկվայում, ինչից հետո նրան տեղափոխեցին Հայաստան։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լևոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի իշխանության հենասյուներից էր։ Ավելին՝ ՀՀԿ-ականներն ու մնացյալ օլիգարխները խանդով էին վերաբերվում Սարգսյանին, քանի որ նրան շատ էր սիրում Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքին մոտ կանգնած մարդիկ պատմում էին, որ նա որդու նման է վերաբերվում Լյովիկին։ Նրանց սերը փոխադարձ էր։ Լևոն Սարգսյանը տարիներ առաջ որդի ունեցավ, որին ի պատիվ Սերժ Սարգսյանի անվանակոչեց Սերժ։ Բոլորը կատակում էին, թե Լյովիկը հիմա երկու Սերժ Սարգսյան ունի՝ մեկը նախագահը, մյուսը՝ որդին։

Լևոն Սարգսյանը սովորական օլիգարխ չէր։ Նա մշտապես քրեական պատմությունների մեջ էր հայտնվում։ Վերջինիս բանդաները հանրապետությունում ում հետ ինչ ուզում անում էին՝ ընդհուպ ծեծելով մարդ էին սպանում։ Հետո սպանվողի հարազատների համար հյուսիսային պողոտաներում Լյովիկը տուն էր գնում, և նրանք դատարանում սկսում էին պայքարել այն լրագրողների դեմ, որոնք պարբերաբար լուսաբանում էին դատական նիստերը՝ այդպիսով հետամուտ լինելով սպանության բացահայտմանը։ Ալրաղացի Լյովիկի քարտուղարուհիները՝ ընդհանրական Մարիշ անունով, այնպիսի արտոնություններ ունեին Հայաստանում, ինչպիսիք անգլիական թագուհին ունի Մեծ Բրիտանիայում։ Այս ամենը ներվում էր Ալրաղացի Լյովիկին, որովհետև նա ընտրությունները կեղծելու մեծ վարպետ էր։ Տեղամասերում նա իր թիկնազորի հետ ֆիզիկական բռնության էր ենթարկում լրագրողներին, հասցնում էր մոտավորապես 20 տեղամասերում քվեարկել որպես ՀՀ քաղաքացի, լցոնումներ էր կազմակերպում, վերջում էլ, եթե արդյունքը դուրը չէր գալիս, քվեատուփն էր փոխում կամ էլ արձանագրությունը կազմել էր տալիս այնպես, ինչպես այդ պահին պետք էր լինում։ Սա անում էր բացահայտ, իրեն հատուկ ցինիզմով ու սանձարձակությամբ։ Բայց սրա համար չէ, որ հիմա Սարգսյանը հայտնվել է բանտում։ Ընտրություն կեղծելն ու մարդու սպանությանը առնչվելը՝ հեչ, բարձրաստիճան մի այլ օլիգարխին թալանելը՝ մեջ։ Արդար է։

 

Լրահոս