6 Հոկտեմբերի, 2022

Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրին, թե կորոնավիրուսի համավարակի հետ կապված ինչ պատկեր կա այսօր Հայաստանում։

«Կորոնավիրուսը չի վերանում, և մեր բոլոր կանխատեսումներն այնպիսին էին, որ չի էլ վերանալու այլևս, այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում վիրուսի ակտիվացման ալիք պարբերաբար գրանցվում է, սակայն այս պահին կա թեստավորման արդյունքներով դրական պատասխանների նվազում։

«Ունենք հիվանդացության դեպքերի նվազում, ինչը չենք կարող ասել, թե առաջիկայում ինչպիսի փոփոխության կենթարկվի։ Պատվաստումները շարունակում են մնալ անհատների համար լավագույնս պաշտպանվելու ձև, և այս ամբողջ ընթացքում էլ մեր հիվանդանոցային օղակը գրանցում է, որ պատվաստված քաղաքացիները շատ ավելի թեթև են տանում հիվանդության սիմպտոմները։ Ուստի այն քաղաքացիները, որոնք 6 ամիս առաջ պատվաստվել էին, և լրացել է 6 ամիսը, մենք շարունակում ենք խորհուրդ տալ՝ ստանալ 3-րդ խթանիչ դեղաչափը»։

Ավանեսյանի խոսքով՝ այս պահին հասանելի է «Պֆայզեր» պատվաստանյութը, ընթացքում որոշ տեսակներ վերջանում են, բայց նորերը ստանում են։

«Մեզ համար այս պահին խնդիր դրված չէ ապահովել պատվաստանյութերի ամբողջ տեսականին, որովհետև դրա կարիքը չկա, կարևորն առկայությունն է, որն ապահովում ենք մենք»,- եզրափակեց նախարարը։

kotayk

Լրահոս