9 Հուլիսի, 2020

Լրագրող Արմեն Վարդանյանը, ով ավելի վաղ պատմել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել, ապա բուժում է ստացել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինձ 14 օրյա մեկուսացման ցուցում էր տրված, սակայն մեկուսացման ավարտին իմ կամքով և միջոցներով կորոնավիրուսի թեստ հանձնեցի, որը դրական ցույց տվեց։

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից փորձեցի պարզել, թե ինչ է նշանակում. Վարակաբաններն ուսումնասիրելով թեստի արդյունքները հայտնեցին, որ ես դեռ վարակակիր եմ և վարակ տարածող։ Եթե ես թեստ չհանձնեի, ստացվում էր դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի։

Բայց կան հարյուրավոր մարդիկ, որ տասնչորսօրյա մեկուսացումից հետո ինքնաբերաբար արդեն համարվում են վարակ չտարածող և մեկուսացումից դուրս գալիս։ Սա հստակ ցույց է տալիս, որ ԱՀԿ- ի խորհուրդներն ու կարգավորման ցուցումները ժամանակավրեպ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ոչ անքան ԱՀԿ ցուցումներին հետևի, այլ համավարակի դեմ պայքարի հաջողված փորձերին։

Մարդկանց ինքնագիտակցության վրա հույս դնելը սխալ է, հատկապես երբ հասարակությունը չունի պետական ինստիտուցիոնալ հիշողություն, որ կարողանա ինքնուրույն պաշտպանվել։

Երկարատև մեկուսացումը շատ բարդ է, որոշ խավերի համար սոցիալական առումով ուղղակի սարսափելի, մեկուսացումը բարդ է առավել ևս, որ Հայաստանում բնակարանների ու տների ճարտարապետական առանձնահատկության հետևանքով դրանց ջախջախիչ մեծամասնությունը նման հնարավորություն ընտանիքի անդամին գրեթե չի տալիս։

Որոնք են լուծումները, մտածում եմ ու հասկանում, որ այս համավարակի առանձնահատկությունն այն է, որ ճիշտ լուծումներ այլևս չկան»։

kotayk

Լրահոս