10 Օգոստոսի, 2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում օգոստոսի 9-ին բացահայտվել է ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ:

«Վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերեցին 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս