23 Դեկտեմբերի, 2021
ՍԴ-ն որոշեց հակասահմանադրական ճանաչել ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարարի հրամանը։

Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝  այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Նախարարի որոշումը սահմանադրական դատարանում վիճարկել էր «Հայաստան» դաշինքը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրենց հիմնական պահանջը՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտադիր պահանջը պետք է օրենքով կարգավորվեր, ոչ թե՝ նախարարի հրամանով։

Նախարարի հրամանով՝ աշխատողները իրենց միջոցների հաշվին պետք է կատարեին ՊՇՌ հետազոտությունը։ Սահմանադրական դատարանը հրամանի այս կետը ճանաչեց Սահմանադրությանը հակասող։

Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։

ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

kotayk

Լրահոս