27 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տուժողը 21-ամյա աղջիկ էր։ Նա աշխատանքից տուն վերադառնալիս էր եղել, երբ Լենինգրադյան փողոցի 318 շենքի շքամուտքում մի տղամարդ արցունքաբեր գազ էր փչել դեմքին ու հափշտակել դրամապանակը, որի մեջ, ըստ նրա՝ 9 հազար դոլար, 220 հազար դրամ, փաստաթղթեր ու բանկային քարտեր են եղել։ Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տարածքային նախաքննական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մալաթիայի քրեական հետախույզներին օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվեց պարզել կասկածվողի ինքնությունը. Երևանի Թումանյան փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդ էր։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։

Համատեղ աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում, ձերբակալվեց ու տեղափոխվեց մայրաքաղաք։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Անձնական խուզարկությամբ հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս