1 Հոկտեմբերի, 2022

Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, խոսելով իր նպատակներին հաջողությամբ հասնելու մասին, ցինիկաբար նշում էր, որ «ինչքան սուտ լինի պնդումը, այնքան մարդիկ ավելի շատ կհավատան այդ ստին»:

Պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, սակայն իր կյանքի փորձով զգացել է Գեբելսի այդ պնդման ճշմարտությունը: Եվ երեկ էլ նա կրկին փորձեց կիրառել դա՝ առանց աչքը թարթելու, շատ լավ իմանալով, որ բացարձակ սուտ է խոսում:

Մարդն, ով այսօր նույնիսկ հրապարակայնորեն խոստովանում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրից, հայտարարում է, որ միջազգային հանրությունն երբեք պատրաստ չի եղել ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից: Դեռ ավելին, ըստ նրա, իբր հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո է փակվել Արցախի ինքնորոշման պաշտպանության հարցը:

Ճիշտ հակառակը, հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո միջազգային հանրությունը պատրաստ եղավ ճանաչել Արցախի անկախության հարցը:

Այսինքն Փաշինյանն այս հարցում 180 աստիճանով ստում է՝ կիրառելով Գեբելսի մեթոդը:

Ինչ վերաբերում է 90-ականների սկզբին ընդունված որոշմանը, որտեղ Արցախը «միացվել էր» Հայաստանին, ապա գոնե վարչապետի պաշտոնում աշխատող անձը պիտի հասկանար, որ Հայաստանում ընդունված որոշումը առոչինչ էր, եթե դա չէր արժանացել միջազգային հանրության հավանությանը: Իհարկե, այդ փաստաթուղթը կարևոր էր, բայց մեզ համար, բարոյահոգեբանական տեսանկյունից, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էր միջազգային հարթակում, որին ստիպված իր համաձայնությունը տվել էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Հասկանալի է, որ Բաքուն չէր ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը առաջին անգամ համաձայնվել էին, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվեր «տարածքներ-կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձևով:

Բանաձև, որը վիժեցվեց, սկզբից դիվանագիտական հարթակում Փաշինյանի կողմից՝ տապալելով բանակցային գործընթացը, իսկ հետո պատերազմի արդյունքում, այն այսօր գրեթե վերացման եզրին է հայտնված Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համառ ջանքերով:

Փաստացի, Փաշինյանի «նոր բանակցային կետը» դարձավ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը: Ժողովուրդների պատմության մեջ այսպիսի ցինիկ գործիչ չի եղել, երբ ընդամենը երեք տարի առաջ նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ երեք տարի անց, նա այսօր հայտարարում է թե, «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Նույնիսկ թշնամի պետություններին նման ղեկավար չէի ցանկանա, քանզի նման անմարդկային ցանկություն երբեք չեմ ունեցել՝ մտածելով, որ ամեն մի ժողովուրդ արժանի է երջանիկ և խաղաղ ապրելուն:

Սակայն այսպիսի խաբեբայի պարագայում, ինչպիսին Փաշինյանն է, Հայաստանը ոչ զարգացում կունենա, ոչ էլ խաղաղ կյանք: Քանզի երբ մարդն իր տգիտության պատճառով իրեն և երկրին գցում է անդունդի մեջ, արդյունքում դառնում է պրոֆեսիոնալ խաբեբա, քանզի նրան այլ ելք չի մնում, քան զբաղվել խաբեբայությամբ: Հակառակ դեպքում պիտի խոստովանի, որ չի հասկացել, թե ինչ բան է երկրի ղեկավարի պաշտոնը և արագ լքի իր ղեկը, որպեսզի երկրին է՛լ ավելի մեծ աղետի մեջ չգցի:

Սակայն ավաղ, նման մարդ չէ Փաշինյանը, որ ինքնակամ հեռանա: Արդյունքում երկիրը և ժողովուրդը հայտնվելու են ծայրագույն վիճակի մեջ, իսկ հետո «պատմաբաններ» կոչեցյալները սկսելու են մեր անհաջողությունների մեղքը բարդել ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների կամ ամերիկացիների վրա:

Այդպես է լինելու, քանզի մենք այս երեսուն տարվա ընթացքում այդպես էլ պետական բնազդ ձեռք բերած ազգ չդարձանք, և «շնորհակալություն» մեր նախկին իշխանություններին դրա համար:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

kotayk

Լրահոս