13 Նոյեմբերի, 2021

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունները շատ լուրջ մտավախություններ ունեն, ինչի արդյունքում որոշ տեղերում միանգամից հանդես են գալիս մի քանի ցուցակով՝ ՔՊ-ի ու սատելիտ քաղաքական ուժերի: Իշխանության մարտավարությունը պարզ է։

Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում են ապրում երկրաչափական պրոգրեսիայով, մյուս կողմից՝ շատ համայնքներում պարզապես մրցունակ թեկնածուներ չունեն, ինչը «քայլողների» մոտ վախեր է ծնում, որ սեփական դեմքով հնարավոր չէ տեղական իշխանություն ձևավորել։

Այստեղ էլ, ահա, Փաշինյանին օգնության են հասնում «ցանցային» ցուցակները, որոնք պետք է ձայներ խլեն իրական ընդդիմությունից և, ի վերջո, ինչպես, ասենք, Գյումրիում, փաստացի նպաստեն ՔՊ-ի ՏԻՄ-ազավթմանը։ Այդպիսի համայնքներից է նաև Վայքը, որտեղ իրական ընդդիմությունն ունի մեկ թեկնածու։ Խոսքը «Հայրենիք» կուսակցության մասին է, որը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վայքի նախկին համայնքապետ Թարո Ավետյանի թեկնածությունը։ Վայքում շեշտում են, որ Թարո Ավետյանն ունի մի քանի առավելություններ, որոնք էապես մեծացնում են նրա հաղթանակի շանսերը:

Նախ՝ նա համարվում է ընդդիմության միասնական թեկնածու։ Երկրորդ՝ պրոֆեսիոնալ է, երկար տարիներ ղեկավարել է Վայքի քաղաքապետարանը ու հաջողված քաղաքապետի, լավ մենեջերի, սրտացավ ղեկավարի իմիջ ունի։ Երրորդ՝ ակտիվ քաղաքացիական ու քաղաքական կեցվածք ունի։ Մի խոսքով, ինչպես Վայքում են ասում, «Թարոն վերադառնում է», ինչը մեծապես անհանգստացնում է իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս