12 Հունվարի, 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ շարունակելու են մեծ գումարներ ուղղել ռազմական նպատակներով ու սպառնացել Հայաստանին, թե վտանգ նկատելու դեպքում քայլեր կձեռնարկեն։

«Ռազմական շինարարության հարցերը միշտ առաջնային տեղ են զբաղեցրել իմ օրակարգում։ Ես միշտ նշել եմ, որ ամենամեծ ծախսերը պետք է ուղղվեն ռազմական շինարարությանը»։ Այս մասին հունվարի 12-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա նաեւ հայտարարել է, թե հետեւում են Հայաստանում զինված ուժերի շինարարությանը։ «Բաքուն հետեւում է Հայաստանում զինված ուժերի շինարարության բոլոր փորձերին։ Եթե նկատենք փոքր ինչ սպառնալիք, ապա այն կվերացվի՝ անկախ նրանից, թե որտեղ գտնվում, Հայաստանի տարածքում ինչ խորության վրա»,- նշել է նա։

Ալիեւը դժգոհել է, թե Հայաստանում ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները՝ թե իշխանության, թե ընդդիմության, թե հասարակության մոտ ու հայկական կողմի վրա բարդել հունվարի 11-ին իրենց իսկ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան պատասխանատվությունը։

Նշելով ադրբեջանցի զինծառայողի մահը՝ Ալիեւը հայտարարել է, թե պատերազմից հետո առաջին դեպքը չէ, ապա նաեւ հոխորտացել. «Ցավոք, մեր նախորդ բոլոր գործողությունները դաս չդարձան Հայաստանի համար»։

Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Ալիեւը նշել է, թե ադրբեջանցի զինծառայողի մահը երբեք անպատասխան չի մնա։

Փաստինֆո

kotayk

Լրահոս