19 Օգոստոսի, 2021

Այսօր հրապարակվեց կառավարության նոր կազմը, բայց, հասկանալի է, որ բոլորին հետաքրքրում էր, թե ով է լինելու Հայաստանի նոր արտգործնախարարը: Անակնկալ չեղավ, արդեն մի քանի օր է, պարզ էր, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը: Վերջինս նույնիսկ հասցրել էր այս օրերին Ազգային Ժողովում իր հետ աշխատած մի քանի խորհրդական, օգնականի արդեն ԱԳՆ-ում տեղավորելու հարցեր լուծել:

Բայց, որքանով մենք տեղյակ ենք մերձիշխանական շրջանակներից և մեր աղբյուրներից, ի սկզբանե ԱԳՆ-ն պետք է գլխավորեր Արմեն Գրիգորյանը: Նրան ԱԽՔ-ից հանեցին, նշանակեցին փոխարտգործնախարար, հաջորդ քայլն էլ պետք է լիներ նախարար նշանակելը: Արարատ Միրզոյանին էլ պետք է Արմեն Գրիգորյանի տեղն ուղարկեին՝ Անվտանգության Խորհրդի քարտուղար: Ավելին, Արարատ Միրզոյանն իր՝ այսպես ասած, «վեշերի» մի մասն արդեն տեղափոխել էր նոր աշխատավայր:

Բայց այս սցենարը փոզմիշ եղավ, քանի որ ռուսները կտրականապես դեմ եղան Արմեն Գրիգորյանի թեկնածությանը: Այսինքն՝ ուղիղ չեն ասել դա, այլ տարբեր խողովակներով իշխանություններին հասցրել են իրենց դիրքորոշումը, որ Արմեն Գրիգորյանը պրոբլեմատիկ անձնավորություն է, պրոբլեմատիկ անցյալով, հետը բարդ է լինելու աշխատել, և դա միանշանակ ազդելու է հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ի դեպ, նույնկերպ Ռուսաստանը կտրուկ է արտահայտվել, թե իշխանությունները մտադիր էին Սամվել Բաբայանին ՊՆ նախարար նշանակել: Ասացին՝ այդ դեպքում մեզանից յան տվեք:

Երբ տեսան, որ Արմեն Գրիգորյանի հարցը լուծվող չէ, Արգիշտի Քյարամյանն էլ արդեն հասանելի չէր, նոր դրանից հետո առաջացավ Արարատ Միրզոյանին նախարար նշանակելու գաղափարը: Այստեղ-այնտեղ հարցրին, թե այս թեկնածությանը ոնց եք վերաբերվում: Կոնկրետ ռուսներն ասացին՝ ոչինչ, ինքը գոնե ուտվում է: Ու այդպես Արարատ Միրզոյանին ԱԽ-ից բերեցին արտգործնախարարություն, Արմեն Գրիգորյանին էլ վերադարձրին իր նախկին աշխատավայր՝ ԱԽՔ-ի պաշտոնին:

kotayk

Լրահոս