26 Մայիսի, 2022

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար։

 

kotayk

Լրահոս