Առողջապահության նոր նախարարը մեղադրու՞մ է նախկին նախարարին

5

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը խմդրում է սպասել՝ իր ծրագիրը կներկայացնի, կհաստատվի, նոր կպատասխանի բոլոր հարցերին։

Hraparak.am-ը հետաքրքրվել է   նրանից, թե ինչո՞վ է տարբերվելու իր ծրագիրը նախկին նախարար Արմեն Մուրադյանի ծրագրից, ի՞նչ առանցքային կետեր կարող է մատնանշել։ «Թափանցիկություն և արդյունավետություն»,-ասել է  նա։

Իսկ ինչո՞վ թափանցիկ և արդյունավետ չէր նախկին նախարարի ծրագիրը, նոր նախարարն իր պատասխանով անուղղակի կամ գուցե հենց ուղղակի մեղադրանք ուղղեց նախկին նախարարի հասցեին։«Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այնքանով, որ դուք այսօր դժգոհ եք»,-ասել է  նա։ Կարծում է՝ հանրությունը դժգո՞հ է եղել այս տարիներին առողջապահության ոլորտից։ «Կարծում եմ՝ այո»,-եղել է  պատասխանը։

Այսինքն՝ դա՞ էր պատճառը, որ փոխվեց նախարարը, պարոն Ալթունյանն ասաց․ «Պատճառների մասին ես տեղյակ չեմ»։

Նկատեցինք, որ ՀՀ մարզերում բազմաթիվ համայնքներ կան, որոնք պատշաճ բուժհաստատություններ չունեն, պատշաճ բուժանձնակազմ չունեն։ Ինքն ի՞նչ է անելու այս ուղղությամբ, որպեսզի պատշաճ հվանդանոցներ ունենանք՝ նորմալ պայմաններով, նորմալ բուժանձնակազմով, կամ որ մարդիկ շտապօգնություն կանչեն, ուշացած չգա։ «Ծրագիրը ներկայացնելիս ես անպայման ասուլիս կհրավիրեմ և բոլոր այդպիսի հարցերին կպատասխանեմ»,-ասել է  նորանշանակ նախարարը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am