Երեք դեմ՝ գլխավոր դատախազին

2

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի ընտրությունը եւս մեկ անգամ ցուցադրեց ԱԺ ԲՀԿ թիմում առկա հակասությունները։ ԲՀԿ-ական պատգամավորներից շատերը մասնակցեցին դատախազի քվեարկությանը, այն պարագայում, որ չմասնակցելու մասին կուսակցական որոշում էր ընդունվել։ Քանի որ գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի ընտրությունը միաժամանակ էր կազմակերպվել, ԲՀԿ-ականներից շատերը, առիթից օգտվելով, մասնակցեցին քվեարկությանը։ Արշակ Մխիթարյանից՝ Բռլյանտի Արշակից հետաքրքրվեցինք, թե չի՞ քվեարկել գլխավոր դատախազի օգտին, նա ասաց. «Դա գաղտնի՝ ես ինչի՞ պիտի Ձեզ ասեմ՝ կո՞ղմ եմ քվեարկել, թե՞ դեմ»։

Ապա խոստովանեց, որ մասնակցել է դատախազի քվեարկությանը։ Մեկ ուրիշ ԲՀԿ-ական՝ Մելիք Մանուկյանն (Շշերի Մելոն) էլ փորձեց խուսափել ուղիղ պատասխանից, սակայն խոստովանեց, որ մասնակցել է, իսկ երբ հիշեցրինք կուսակցության որոշման մասին, փոխեց խոսքը. «Մենք ենթարկվել ենք կուսակցության որոշմանը»։ Դավթյանն ընտրվեց 97 կողմ, 3 դեմ, 3 անվավեր ձայներով։ Քվեարկությանը չմասնակցեցին ՀԱԿ անդամները, ՀՀԿ-ից էլ բացակայություններ կային, իսկ Նաիրա Կարապետյանը քվեարկության ժամանեց այն պահին, երբ հաշվիչ հանձնաժողովն արդեն գնացել էր։ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս 3 դեմ ձայնով էր անցել․ քվեարկությանը մասնակցած 108 անձից կողմ էր քվեարկել 103-ը, անվավեր՝ 2-ը, դեմ՝ 3-ը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am