Գյումրիում երեխաներն ու կինը հայտնվել են «թուրքի լծի տակ»

3

Գյումրու թաղամասերից մեկում ծայրահեղ ծանր վիճակում վարձով մի ընտանիք է բնակվում: Ընտանիքի հայրը ազգությամբ թուրք է, մայրը` հայ: Մեր տեղեկությունների համաձայն` թուրք ամուսինը ամեն օր կնոջը բռնության է ենթարկում, իսկ երեխաները նույնիսկ ծննդյան վկայական չունեն:Գնալով այս ընտանիքի հետքերով` պարզեցինք, որ ավագ դուստրը` 11-ամյա Ֆատիման դեռևս դպրոց չի հաճախում, 6-ամյա Զարուհին ևս զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Ընտանիքի մայրը ամուսնու բարկությունից զերծ մնալու համար խուսափեց մեզ հետ զրուցելուց, միայն համառոտ տեղեկացրեց, որ իրեն օգնություն է հարկավոր: Թուրքի հետ ամուսնացել է Թուրքիայում, երբ աշխատանքի փնտրտուքով այնտեղ է մեկնել:12 տարուց ավել է` ապրում է ամուսնու սպառնալիքների տակ: Իր խոսքերով նրանից ազատվել չի հաջողվել, քանի որ շարունակ հետապնդել է իրեն: Ի դեպ, ընտանիքը դատական կարգով երեխաներին ծննդյան վկայական ձեռք բերելու համար էլ գումար չունի:

Այս ընտանիքի մասին առավել մանրամասն տեղեկություններ hraparak.am-ին հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ով նույնիսկ բաց նամակ է հղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին` ակնկալիքով, որ մարզային իշխանությունը ի զորու է լուծելու գոնե երեխաների փաստաթղթերի հարցը, որպեսզի նրանք դպրոց հաճախեն: «Ամբողջ Հանրապետությունով երկու երեխայի հարց չենք կարողանում լուծել: Մարզպետն այդպես էլ չպատասխանեց մեզ: Փոխարենը մեզ ուղղորդում են տարբեր ատյաններ: Երկու ծննդյան վկայականն ինչ է, որ չեն կարողանում տալ: Մենք գնացել, ծանոթացել ենք երեխաների հետ: Երեխաները միայն մոտ մեկ ամիս է Գյումրու ցերեկային խնամքի կենտրոն են հաճախում, որտեղ ի դեպ իրենց շատ լավ են դրսևորում: Այս երեխաները բա ափսոս չեն, ինչ են մտածում մեր իշխանավորները: Հայրն էլ աննորմալի մեկն է, որի կողմից է, ցավոք, օրենքը, քանի որ ի վերջո ծնողն է:

Բառիս բուն իմաստով երեխաներն ու կինը հայտնվել են «թուրքի լծի տակ»»,-ասել է  Վահան Թումասյանը` ավելացնելով, որ սա երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարման դեպք է, եւ անհրաժեշտ է երեխաների խաթարված իրավունքների պաշտպանության և վերականգնման նպատակով անհապաղ միջոցներ ձեռք առնել:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Նյութի աղբյուրը ` hraparak.am