27 Հունվարի, 2017

Այսօր, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից, առաջին միտքն այն է, որ քանի որ թաղապետը պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է, ապա Տարոնի ձեռքերով վրեժ են լուծում անհնազանդություն ցուցաբերած Թոխմախի Մհերից: Սա ևս տարբերակ է, թեև տվյալ պարագայում մոտեցման ձևը շատ պարզունակ ու միակողմանի է:
Բայց պատկերն առավել հստակեցվեց այն պահից, երբ հայտնի դարձավ, թե ով է փոխարինելու Արմեն Հարությունյանին: Իսկ փոխարինողը Դավիթ Գրիգորյանն է, մի մարդ, ում խրթին կենսագրությունը առնչվում է հատկապես Տարոն Մարգարյանի հետ: Տարիներ առաջ Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում: Հետո ինչ-ինչ անախորժ պատմությունների ու տարաձայնությունների պատճառով մեկնեց Բարսելոնա և միայն 2014 թվականին հենց պարոն Տարոնի աջակցությամբ վերադարձավ և միանգամից նշանակվեց Մետրոպոլիտենի խորհուրդի նախագահ:
Տարոն Մարգարյանը չի էլ թաքցնում, որ իրենց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի: Իսկ Տարոնի համար մտերմություն ասվածն, ինչպես հայտնի է, միայն մեկ դրսևորման ձև ունի: Այդ իսկ պատճառով էլ Էրեբունիում Գրիգորյանին թաղապետ նշանակելով նա այս պահին փորձում է ընդամենը ամրապնդել իր դիրքերը առաջիկա ընտրությունների ֆոնի վրա: Կնշանակի քաղաքապետը վախեր ունի և այն էլ լուրջ վախեր: Հեռանկարը, որ այս անգամ նրան չի հաջողվի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, բավականին իրական են: Բայց հաջողության հասնելու համար Տարոնը ստիպված է լինելու չսահմանափակվել միայն Էրեբունիով: Այս դեպքում արդեն պետք է ակնկալել նոր պաշտոնաթողություններ ու նոր նշանակումներ: Սրանք հավանաբար մի փոքր կմեղմեն Մարգարյանի տագնապները, բայց հազիվ թե նրա համար փրկություն դառնան: Բանն այն է, որ քաղաքապետը կարծես թե փոքր-ինչ գերագնահատում է համայնքի ղեկավարի դերը` մոռանալով այն մասին, որ մայրաքաղաքում խնդիրները լուծվում են բոլորովին այլ մակարդակներում և այլ հարաբերությունների մեջ: Բայց քանի որ վախը շատ մեծ է, այն կարծես թե բթացրել է Տարոնի զգայարանները:

Shame.am




Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս