17 Ապրիլի, 2020
Երեկ արդեն ուշ էր, որոշել էի վերջին պատվերն էլ ընդունել, կատարել ու տուն գնալ։ Սուպերմարկետից պատվեր ստացա։ Եթե անունն ասեմ, բոլորն էլ կիմանան տեղը։

Տեղ հասա, սպասում եմ։ Սուպերմարկետից դուրս է գալիս ամուսնական զույգ, մոտ 35-40 տարեկան էին։ Մեր շփումը սկսվեց տիկնոջ հետևյալ խոսքերից․

Ինչի՞ համար ես պիտի ձեզ մի քանի րոպե փնտրեմ։

Բայց ի՞նչ կա փնտրելու։ Մեքենայի համարը, գույնը, կայանված տեղը ձեզ մոտ երևում է։ Դրանցով էլ կողմորոշվեք։ Ի վերջո, զանգեք նշված համարով ու վարորդից ճշտեք տեղը։

Դուք տաքսի եք, ձեր մեքենայի վրա պիտի հատուկ նշաններ լինեն, իսկ եթե չկան, բարի եղեք դուրս գալ մեքենայից ու դիմավորել ուղևորներին։

Անկեղծ ասած, ուզում էի նրանց իջեցնել մեքենայից՝ առանց պատվերը սկսելու, բայց այն փաստը, որ իմ տան մոտակայքում է իրենց նշանակման վայրը, ստիպեց խորը շունչ քաշել և լռել։ Ուշադրություն դարձրեցի, որ սուպերմարկետի մոտ սովորականից քիչ մարդ կար, ինձ չնկատելու համար պետք էր առնվազն փակ աչքերով քայլել։

Ճանապարհին ռադիո էր միացրած, ձանձրացնող երաժշտություն էր։ Քունս տարավ ու անջատեցի ռադիոն, ու հենց այդ պահին իմ հաճելի զրուցակից տիկինը բարկացավ․

Ես չէի խնդրել անջատել։ Մի բան միացրեք։

Ես արդեն մտովի անիծում էի նրանց։ Այդ կինը անդադար քթի տակ խոսում էր, մի քանի բառ հասկացա, ասում էր՝ անդաստիրակներ, տգետներ և նմանատիպ այլ բաներ։

Ինչպես պարզվեց, դա դեռ սկզիբն էր։ Երբ հասանք տեղ, հնչեցրի գումարը․

-1700 դրամ։

Հետո սկսվեց երկխոսություն․

Այսինքն 1700։ Երևի ձեզ մոտ չերևաց, բայց մենք մի քանի օր առաջ նստել էինք ձեր տաքսիներից մեկը, վարորդը 500 դրամ մանր չուներ, ասաց, որ հաջորդ անգամ մեզ այդքան զեղչ կանեն։ Հիմա պիտի 500 դրամ պակաս տանք։

Տիկին, նման բան չկա։ Վարորդը խաբել է ձեզ։ Ես չգիտեմ էլ, ում մասին է խոսքը և ինչ մեքենա եք նստել։

Ինձ հետաքրքիր չէ, 1000 դրամը վերցրեք, 500 պակաս՝ մեր զեղչը, 200-ն էլ՝ մեզ սպասեցնելու համար։

Նա դիմացի նստարանին գցեց 1000 դրամանոց, և նրանք իջան մեքենայից։ Ես էլ իջա, բայց նրանք այնքան արագ վազեցին, որ էլ իմաստ չկար գնալու նրանց հետևից։

Ուրեմն, հարգելի ոչ ադեկվատ ընտանիք, եթե կարդում եք սա, իմացեք, որ ձեր տոպրակը մոռացել եք մեքենայիս մեջ․ 14 670 դրամի առևտուրը մեր տանն էլ պետք կգա, բայց մի խնդրանք, էլ էտ պանիրից չվերցնեք, շատ վատն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

kotayk

Լրահոս