22 Դեկտեմբերի, 2016

«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի մասին շատ է գրվել: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հավատարիմ դաշնակից այս երիտասարդը ժամանակին հափշտակել էր Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը, ինչի համար խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Գուցե թե նրան հաջողվեր կալանատանը «Ալյանսի» բաժանմունք հիմնադրել, սակայն օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Հարությունյանը շարունակում է ազատության մեջ մնալ և ազատ ու անկաշկանդ շրջում է Երևանի փողոցներով, քաղաքական հանդիպումներ է ունենում:

Նման արտոնություն «Ալյանսի» փոխնախագահը հազիվ թե վաստակեր առանց ազդեցիկ միջամտության: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բանտում չգտնվող հանցագործն իր համար շատ ավելի հարմարավետ վայր է գտել: Բանն այն է, որ, ականատեսների վկայությամբ, նա օրեր առաջ հատել է ԱԺ անցագրային կետը և մուտք գործել խորհրդարանի շենք:

Արդեն իսկ կարելի է ենթադրել, թե Սարգիս Հարությունյանն ում է այցելել խորհրդարանում: Լինելով նվիրյալ կուսակցական՝ նա պիտի որ անպայման ցանկություն ունենար ժամանակ առ ժամանակ տեսակցել իր սիրելի առաջնորդի՝ Ուրիխանյան Տիգրանի հետ, որպեսզի համատեղ ուժերով շարունակեն նախկին գործունեությունը: Ճիշտ է, այդ գործունեությունը մեկին տանում է Ազգային ժողով, մյուսին՝ Նուբարաշենի կալանավայր, բայց, ինչպես տեսնում ենք, տեղափոխությունը բավական դյուրին է ստացվում:

Share.am

kotayk

Լրահոս