14 Նոյեմբերի, 2016

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Լիա» գեղեցկության սրահի սեփականատերը՝ Պետրոս Իսրայելյանը եւ նրա որդին դիմել են փախուստի՝ նախօրեին տեղի ունեցած սպանությունից հետո։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում հնչել են կրակոցներ, որոնց հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից երկուսը մահացել են, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տուժողների վրա հայտնաբերվել է հրազենային 5 վնասվածք։ Մահացածներից մեկի դիահերձման արդյունքում մարմնից հանվել է 1 գնդամ՝ 9 մմ տրամաչափի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ըստ ամենայնի կրակոցներն արձակվել են Մակարով տեսակի ատրճանակից։

Թե որն է եղել նման ծանր հանցագործության շարժառիթը առայժմ պարզ չէ. Միջադեպի մասնակիցներից երկուսը սպանվել են, իսկ երրորդը ի վիճակի չէ ցուցմունք տալու։ Իսկ գեղեցկության սրահի տնօրենը եւ նրա որդին փախած են։ Ըստ տարածքի բնակիչների՝ տուժողները լավ հարաբերությունների մեջ են գտնվել Իսրայելյանի հետ, ասել է թե՝ եղել են նրա թիմից, իսկ թե ինչ է կատարվել գեղեցկության սրահում եւ ինչու են սեփականատերն ու նրա որդին դիմել փախուստի հայտնի չէ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ սպանության գործով հարցաքննվել է նաեւ երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը։

2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել հրազենային վնասվածքի հետևանքով մահացած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 1991 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը։ Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մ.Մուշեղյանն առանց գիտակցության գալու մահացել է, իսկ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Աղբյուր` pastinfo.am

 

kotayk

Լրահոս