6 Դեկտեմբերի, 2016

Սպասվում էր, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ և կհաստատի քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին: Սակայն Ծառուկյանն առայժմ լռում է: Պաուզան փոքր-ինչ դերասանական է, մի փոքր էլ անհրաժեշտությունից դրդված: Տեղեկություններ կան այն մասին, որ հիմա նա ինտենսիվ հանդիպումների մեջ է տարատեսակ քաղաքական ուժերի և առաջնորդների հետ: Արդեն իսկ ենթադրություններ են հնչում այն մասին, որ նա պատրաստվում է ոչ միայն ետ գալ, այլև ստեղծել ամենաընդգրկուն դաշինքը, որին նույնիսկ Արթուր Բաղդասարյանը կնախանձի՝ թղթի վրա գրված իր 150 կուսակցություններով ու ՀԿ-ներով:
Բայց Ծառուկյանի մոտեցումների մեջ կա մի կետ, որը ներկա պահին ամենակտրուկն ու անփոփոխն է: Ասում են, թե նա հայտարարել է, որ բացառում է երկու ուժի՝ «Համախմբման» և ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Նկատենք, որ նշված կուսակցությունները նախկինում ասել էին, որ իրենց համար Ծառուկյանի հետ համագործակցության եզրեր հնարավոր են համարում՝ հաշվի առնելով նախկինում եղած առավել քան ջերմ շփումները: Սակայն պարզվեց, որ դրանք անհիմն հույսեր են:
Նման ընտրությունը պատահական լինել չի կարող: Բանն այն է, որ ՀԱԿ-ն ու «Համախմբումը» մի հարցում ընդգծված ընդհանրություն ունեն: Այս երկու ուժերի թիկունքում էլ կանգնած են նախկին նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Եղածների միջից սրանց առանձնացնելով Ծառուկյանը փաստացի ակնարկում է, որ իր համար ընդունելի չեն նախկին երկուսի ծրագրերը, քանի որ նախապատվությունը տալիս է երրորդին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ եթե Ծառուկյանը տեղով կրակ էլ դառնա, ոչ մի գնով իբրև ընդդիմադիր հանդես գալ չի կարող:

Shame.am

kotayk

Լրահոս