19 Փետրվարի, 2017

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանին կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել համայնքի երեք բնակչի: Գործն ուղարկվել է Վեդիի դատարան և մակագրվել դատավոր Լևոն Արազյանին:

Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ և անձամբ տնօրեն Արամ Ստեփանյանին տվել է 400.000 ՀՀ դրամ կաշառք՝ իր՝ ֆիզիկայի ուսուցչուհու որակավորում ունեցող դստերը՝ Նազիկ Գրիգորյանին Արարատի մարզի հանրակրթական դպրոցներից մեկում, որպես տարրական դասարանների ուսուցչուհի, աշխատանքի տեղավորելու համար:

2014թ. օգոստոսի 10-ին նրա հետ այցելել է Արարատի մարզպետարան, որտեղ հանդիպելով իր ծանոթ՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Օֆելյա Մուրադյանին՝ հայտնել է դստերն աշխատանքի տեղավորելու մտադրության մասին: Օֆելյա Մուրադյանը խոստացել է օգնել Նազիկ Գրիգորյանին: Ի դեպ, դպրոցի տնօրենը նրա որդին է:

2014 թվականին Սամվել Գրիգորյանն ինչպես Օֆելյա Մուրադյանի միջոցով, այնպես էլ անձամբ Արամ Ստեփանյանին մաս-մաս տվել է պահանջված՝ ընդհանուր խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառքը:

Մեկ այլ բնակիչ՝ Սամվել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արամ Ստեփանյանին անձամբ տվել է խոշոր չափերով՝ 637.000 ՀՀ դրամ կաշառք՝ իր մաթեմատիկայի ուսուցչուհու որակավորում ունեցող դստերը՝ Վարդուհի Բադալյանին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում, որպես տարրական դասարանների ուսուցչուհի, աշխատանքի տեղավորելու նպատակով:

Նույն համայնքի մեկ այլ բնակչուհու՝ Գայանե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տիգրան Ասատրյանի միջնորդությամբ և Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ պաշտոնատար անձ հանդիսացող՝ Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանին տվել է խոշոր չափերով՝ 616.845 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր՝ «Մանկավարժություն և մեթոդիկա» ուսուցչի որակավորում ունեցող դստերը՝ Գոհարիկ Բադալյանին, Արարատի մարզի հանրակրթական դպրոցներից մեկում, որպես տարրական դասարանների ուսուցչուհի, աշխատանքի տեղավորելու հարցում իրեն օգնելու խնդրանքով:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

kotayk

Լրահոս