26 Ապրիլի, 2020
Քաղաքապետի կինը իրեն իրավունք է վերապահում ինձ կանչի և իմ տեղակալի ու մյուս աշխատակցի ներկայությամբ նման ոճով խոսի և պահանջի հեռանալ, դա ինձ համար անընդունելի է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը։

«Նա այլևս ինձ չի ուզում տեսնել այդ պաշտոնում և այս ամբողջ մրցույթների ցիրկը կապված է նրա հետ, որ օր առաջ ինձ ազատեն այդ պաշտոնից, քանի որ այն ձևով՝ ինչ ձևով որ ինձ են տեղեկացրել, որ չեն ուզում տեսնել այդ պաշտոնին, այդ ձևն ինձ համար անընդունելի է»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Երևանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, պարզվում է, Արմեն Բեգոյանին՝ տեղակալի ու աշխատակցի հետ, կանչել է մեկ այլ աշխատասենյակ՝ այս սպառնալիքը հնչեցնելու համար։ Նրանից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել։ ՀՈԱԿ-ի տնօրենը դա չի արել։

«Խնդիրն այստեղ իմ պաշտոնի մեջ չէ, ոչ էլ այն է, որ ես ուզում եմ մնալ այդ պաշտոնին, ավելին, ինձ խնդրել են ժամանակին, որ գամ այդ պաշտոնին, խնդիրը գործելաոճի մեջ է»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Նրան այդ պաշտոնին հրավիրել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Ինչպես գիտենք՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը քաղաքապետարանի միակ ստորաբաժանումն է, որը 2019 թ-ին 100 տոկոսով կատարել է համայնքի բյուջեն։ Նոր ստեղծվող՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին նրան հրավիրել են նաև այս հանգամանքը հաշվի անելով։ Բայց ընդունվելուց մեկ ամիս էլ չանցած՝ առաջարկել են քաղաքապետի կնոջ ընկերուհուն նշանակել իբրև փոխտնօրեն։ Այդ կինը՝ Քրիստինե Վարդանյանը, քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում։ Բեգոյանը, ամենայն հարգանքով հանդերձ այդ կնոջ հանդեպ, հաշվի է առել, որ նա տվյալ գործի մասնագետը չէ և հրաժարվել է ընդունել։ Այստեղից էլ սկսվել են քարկոծումները։

«Հարաբերությունները իրենց կողմից տարվել է շատ անձնական դաշտ, ես չեմ ուզում իջնել այդ դաշտ, ես աշխատող եմ, ես էլ ունեմ աշխատողներ, որոնց կարող եմ չսիրել, բայց եթե այդ աշխատողն իր պարտականությունը լավ է կատարում, ես սիրում եմ նրան, թե չեմ սիրում՝ հետը հաճույքով աշխատում եմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, վաղուց ինքը՝ քաղաքապետը, դրա որակի մասին ասել է՝ փայլուն, գերազանց»,-ասաց Արմեն Բեգոյանը։

Հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, մրցույթ է հայտարարված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար, որի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Բեգոյանը։ Նա այդ մրցույթին մասնակցելու համար չի դիմել, քանի որ մրցույթը համարում է անօրինական։ Բանն այն է որ մարտի 13-ին էր մրցույթ հայտարարված նույն պաշտոնի համար, բայց վարչական դատարանն այն կասեցրեց, քանի որ ընթացակարգերը պահպանված չէին։ Այդ մրցույթին Բեգոյանը մասնակցում էր։ Հիմա դատական առաջին նիստը նշանակված է հունիսի 16-ին, իսկ մինչև դատական գործընթացի ավարտը նույն պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելու իրավունք չունեին, այս պատճառով էլ Բեգոյանը չի մասնակցում ապօրինի գործընթացին։

Մանրամասներն՝ այստեղ

kotayk

Լրահոս