«Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովուրդն է որոշելու». Մովսես Հակոբյանը՝ Լելե Թեփեն հետ բերելու մասին

Ապրիլյան պատերազմը հայոց բանակի համար մեծ փորձառություն էր. այդ պատերազմից հետո նոր սպառազինություն ենք ձեռք բերել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Այսօր երկու տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-հայտարարեց նա:

Լրագրողի հարցին արդյոք իշխանությունը հիմա էլ է կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերզմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել»:

Ճշտող հարցին, թե երբ են պատրասվում հետ բերել Լելե Թեբեն, նա արձագանքեց. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»:

Ինչ վերաբերում է Հանրապետական գործիչների հայտարարություններին, թե կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն, եւ արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ քայլեր չեն արվում կորցրած տարածքները հետ բերելու ուղղությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց. «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու»:

Նա հայտարարեց, որ Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարում: