Նախ պետք է հասկանալ՝ ինչու են հրապարկվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը. Մովսես Հակոբյան

2
«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»: «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:
Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ ինչու են հրապարկվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը:

Նույն հարցաքննության մեջ Սամվել Կարապետյանը նշում է, որ ինքը հրահանգեր է ստացել օպերատիվ շտաբից, սակայն չգիտի, թե այն որտեղ է տեղակայված եղել:

Մովսես Հակոբյանը ասաց, որ ինքը ևս տեղեկություններ չունի օպերատիվ շտաբի մասին: