28 Դեկտեմբերի, 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմից` հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները։ Հատուկ անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։

Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու: «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման աշխատանքը:

Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ, և մեր տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը»,- ասել է նախագահը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022 թ.-ի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 հազար ՀՀ դրամով բարձրացվելու են զինվորական բոլոր թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։

 

 

kotayk

Լրահոս