7 Ապրիլի, 2020

Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»–ի էջը։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են,որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով»,– հայտնում է էջը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:

«Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել: Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա: Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ»,– նշված է գրառման մեջ։

kotayk

Լրահոս