Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների թիվը չի փոխվել։ Այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավորված մեկ զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորում է ստացել ՀՀ Զինված ուժերի 10 զինծառայող։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։