24 Նոյեմբերի, 2017
 Ձվի շուկայում իրականացրած երկօրյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները անհիմն են: Այս մասին հայտնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով ձվի շուկայում գների բարձրացումը:

Նրա խոսքով, այս պահին մայրաքաղաքի սուպերմարկետներում նման խնդիր գոյություն չունի, այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով ինչ նախկինում. «Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշեմ, որ ձուն դասվում է այն ապրանքների շարքին, որոնց գնագոյացումը էապես պայմանավորված է սեզոնայնությամբ: Տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաեւ պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ: Մեր մոնիթորինգի համաձայն, այս պահին ձվի վաճառքի գինը տատանվում է միջինում 65-70 դրամի սահմաններում:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում այն եղել է 63-67 դրամի սահմանում: Ընդհանուր առմամբ, նախորդ ամիսների համեմատությամբ, գնային փոփոխությունը եղել է 2-3 դրամի սահմաններում»:

Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ, սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հիմնականում իրականացվում են ներկրումներ. «Հանձնաժողովը ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ, լիարժեք կբավարարվի պահանջարկը եւ գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա»:

Նրա խոսքով, տվյալ ապրանքը վաճառվում է տարբեր տեսակներով, տարբեր ընկերությունների արտադրության, ընդ որում ինչպես տեղական, այնպես էլ ներկրված, տարբեր որակական հատկանիշներով (էկո, բիո եւ այլն), ինչն էլ եւս կարող է գնի ձեւավորման վրա որոշակի ազդեցություն ունենալ. «Քանի որ այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով»:

 

kotayk

Լրահոս