«Անցածս ճանապարհը հնարավորություն կտա բարձր օգտակարության գործոնով ծառայել իմ ժողովրդին». Հակոբ Բեգլարյան

253
Հակոբ Բեգլարի Բեգլարյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 3-ին Երևանում: 1973 -1983 թթ. սովորել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում:
1984 – 1985 թթ. աշխատել է «Շինանյութ»  փորձարարական գործարանում:
1984 – 1985 թթ. աշխատանքին զուգահեռ սովորել է Երևանի ժողովրդական 
տնտեսության ինստիտուտի  «Արդյունաբերության պլանավորում» ֆակուլտետում: 
1985 – 1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987 – 1990 թթ. ծառայությունից 
վերադառնալով՝ շարունակել է աշխատանքը «Շինանյութ» փորձարարական գործարանում և ուսումը՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Ստացել է տնտեսագետի 
որակավորում:
1990 – 1994 թթ. աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում՝ որպես 
հարկային տեսուչ:
1996 թ. ընտրվել է Երևանի «Նարեկ» ԲԲԸ խորհրդի նախագահ և մինչև 2000 թ. 
աշխատել որպես ընկերության գործադիր 
տնօրեն: 
2000 – 2005 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Պետական գնումների գործակալությունում՝ 
որպես պետի տեղակալ: 
2005 – 2010 թթ. աշխատել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի 
պետ:
2010 – 2012 թթ. աշխատել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ:
2014 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
2016 թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական 
կոմիտեի նախագահի տեղակալ: 
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
ՀՀԿ խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ  որդի:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 
 

Պարոն Բեգլարյան սովորել և ավարտել եք Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Ինչու՞ հենց տնտեսագետի մասնագիտությունը:

-Մասնագիտությանս ընտրության հարցը պայմանավորված էր դպրոցական տարիներին  մաթեմատիկա առարկան նախընտրելու  հետ: Այսօր հետադարձ հայացք նետելով՝ չեմ փոշմանում ընտրությանս համար, քանի որ այն համընկավ իմ բնութագրին, իմ էությանը և ինձ հաջողվեց  տարբեր  հաջողություններ ունենալ այդ ոլորտում:

-Պարոն Բեգլարյան թեժ մրցապայքարից հետո Դուք դարձաք Ազգային Ժողովի պատգամավոր, ո՞րն է լինելու Ձեր կատարած առաջին քայլը:

-Պայքարը, անշուշտ թեժ էր, բայց այն ձայների քանակը և այն վստահությունը, որ ես ստացա Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ միայն պարտավորեցնող է: Ոչ թե առաջին, այլ հիմնական քայլը և նպատակը, որը ես դրել եմ իմ առջև, դա ժողովրդին ծառայելն է:

-Ծանոթացե՞լ եք կառավարության ծրագրին և իբրև ֆինասավարկային և բյուջետային մշտական հարցերի հանձնաժողովի անդամ ինչպե՞ս կբնութագրեք այն մի քանի բառով:

 –Իհարկե՛ , ծանոթացել եմ և վերաբերվում եմ շատ դրական: Սերտ համագործակցել և աշխատել ենք կառավարության ներկայացուցիչների հետ: Քննարկումների ընթացքում մեր բոլոր դիտողությունները հաշվի են առնվել: Ուրախ կլինեմ, այն ժամանակ, երբ մեր հայ մարդու գրպանին, դրական իմաստով, կանդրադառնա այդ ծրագրային դրույթների իրականացումը:

-Պարոն Բեգլարյան, թեև պատասխանատուները հայտարարում են, որ Հայաստանի տնտեսությունում աճ է արձանագրվել, սակայն տնտեսագետներն ու մասնագետները պնդում են, որ ընդհակառակը մեր տնտեսությունը անկում է ապրում, ի՞նչ կասեիք այս մասին:

 -Ես համակարծիք չեմ, որովհետև դա շատ պարզ մաթեմատիկական հանրագումարի մի հարց է, որը որ վիճելի չէ: Կարծում եմ, ինչ-որ պոպուլիստական խնդիրներից ելնելով է հնչում նման կարծիքներ:

-Ինչպիսի՞ քաղաքական որակներ եք ձեռք բերել պրակտիկայում: Քաղաքականության մեջ գործիչը թրծվում է և անհատապես դրսևորում իրեն, Ձեզ մոտ ի՞նչպես է դա տեղի ունեցել:

 –Կարծում եմ, անցել եմ բավականին մեծ և լուրջ ճանապարհ և բազմիցս նշել եմ, որ  իմ որոշումը գալ Ազգային Ժողով պայմանավորված է հենց դրանով: Իմ անցած ճանապարհը ինձ հնարավորություն կտա բարձր օգտակարության գործոնով ծառայել իմ ժողովրդին:

-ՀՀԿ ցուցակում տեսնու՞մ էիք Ձեզ մրցակիցներ և ինչպիսի՞ն է հարաբերությունները նրանց հետ:

 –Մենք բոլորս կուսակցական լավ ընկերներ ենք և մեր միջև չի կարող լինել մրցակցություն: Բնականաբար ունենք շատ ջերմ և լավ հարաբերություններ:

-Ո՞րն է քաղաքականության մեջ Ձեր գաղափարախոսությունը:

-Թե՛ քաղաքականության մեջ, և թե՛ քաղաքականությունից դուրս, մարդը միշտ, ամենակարևորը, պետք լինի ազնիվ:

-Ունենու՞մ եք հանդիպումներ Ձեր ընտրողների հետ և հիմնականում ինչպիսի՞ խնդիրներով են մոտենում նրանք:

 –Ընտրությունների ժամանակ,այսպես ասած, իմ նորամուծությունն է եղել, որ իմ պատգամավորության ողջ ընթացքում բաց է լինելու իմ գրասենյակը և գործելու է թեժ գիծը: Այն հնարավորություն է տալիս իմ ընտրողներին կապ հաստատել իմ կողմից ստեղծած կուսակից թիմի անդամների հետ՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: Յուրաքանչյուր շաբաթ ամփոփում եմ այդ թեժ գծին ստացված բոլոր դիմումները և փորձում եմ, հնարավորությանս սահմաններում, դրանց շուտափույթ լուծումներ տալ:

-Շուտով արդեն Ամանոր է և ժողովուրդն անկախ իր կարգավիճակից, բոլորն էլ ունենալու են հերթական գնումները, բայց կա մի խավ, որ ի զորու չէ նշել, այս դեպքում ո՞րն է լինելու Ձեր նախաձեռնությունը:

 –Յուրաքանչյուր երկրում կա նման խավ, բայց դա մեր ընդհանուր ցավն է: Ցավալի է, որ  Հայաստանում  գերակշռում է այդ խավը, ովքեր որ  հնարավորություն չունեն ըստ իրենց ցանկությունների նշելու Ամանորյա տոները: Յուրաքանչյուրս մեր տեղերում, թե՛ Ազգային Ժողովում, թե՛ գործադիրում պետք է պայքարենք դրա դեմ և մեր աշխատանքները պետք է միտված լինեն աղքատության կրճատմանը:

-Ի՞նչ կմաղթեիք արդեն իսկ 2018թ. ընթացքում մեր հայ ժողովրդին:

– Մաղթում եմ, որ այս նոր տարին  իր հետ բերի խաղաղություն մեր երկրին, առողջություն բոլոր ընտանիքներին,  նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և հաղթանակներ: Եվ թո՛ղ բեղմնավոր և արյունավետ աշխատանքներով նպաստենք մեր երկրի զարգացմանն ու առաջխաղացմանը: 

Mnews.am