Գլխավոր դատախազը՝ բիզնեսներ խլելու եւ «Հին Էրիվանի» մասին (տեսանյութ)

11

ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կփորձի առաջիկայում իր աշխատանքով վերականգնել հանրության եւ քաղաքական ուժերի վստահությունն իր գործունեության նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ իր նախորդ հայտարարություններին, նա այս անգամ էլ ասաց, որ եթե քրեական հետապնդումն իրականացվում է սահմանված կարգով եւ ոչ թե քաղաքական հետապնդումներով պայմանավորված, դա արդեն նշանակում է, որ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող:

Լրագրողներից մեկի հարցին` թե երեկ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում բիզնեսներ են խլվել`հետամուտ լինելո՞ւ եք այդ հայտարարությանը, նա պատասխանեց, որ հիմքերի առկայության դեպքում վարույթ կհարուցվի:

Armtimes.com-ի հարցին էլ, որ նախկին վարչապետի կառավարման ժամանակ «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատերը հայտարարում էր, որ իր բիզնեսը խլել են, արդյո՞ք կուսումնասիրվի այդ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները, նա պատասխանեց. «ԶԼՄ-ների հրապարակումները քրեական գործ հարուցելու առիթ են: Հետեւաբար, որեւէ տարբերություն չի դրվելու դա «Հին Էրիվանին» է վերաբերվում, թե՞ որեւէ մեկին: Ամբողջ խնդիրը նրանում է, որ արդյո՞ք համապատասխան խնդիրը քննության եւ գնահատականի արժանացել է, թե՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: