6 Նոյեմբերի, 2017

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ  թեկնածուների կողմից հնչող բամբասանքն ու զազրախոսություններն անպակաս էին՝ ընդդեմ հակառակ թիմի: Թերևս այդ լարված իրավիճակին և պայքարին, միևնույն է ժողովուրդը կատարեց իր ընտրությունը և մի շարք փոփոխություններ արեց իր իսկ համայնքում: Մասնավորապես կարող ենք նշել Գորիսի ընտրությունները, որն իր տեսակով եզակի էր, այստեղ գորիսեցին սպասման մեջ էր, որպեսզի իր քվեով ամրապնդի ժամանակավոր պաշտոնակատարի և «կամեցող երիտասարդի» դիրքերը, այնինչ մյուս թևը, որը ղեկավարում էր Սամվել Հարությունյանի՝ նախկին քաղաքապետի թիմը, զբաղված էր ցեխ շպրտելով և վարկաբեկելով: Չնայած մի շարք խոսակցություններին, գորիսեցին ականջալուր չեղավ և անտեսեց, տապալելով և լիսկաթափելով գաղջ մթնոլորտը:

Գորիսում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը հաղթել է 26-ամյա Առուշ Առուշանյանը: ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է 12 945 քվե կամ ձայների 99,57 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ Սամվել Հարությունյանը, ստացել է ընդամենը 56 քվե։ Նման արդյունք՝ գրեթե 100 տոկոս, կարծես թե առաջին անգամ է գրանցվում Հայաստանում: Այս ֆոնին, ուշադրություն է գրավում հանգամանքը, որ Գորիսում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների գրեթե կեսը:
  Նրա միակ մրցակիցը՝ Սամվել Հարությունյանը, ով նախկինում եղել է քաղաքապետ եւ հայտնի էր իր ընդդիմադիր հայացքներով, այդ թվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրեական բացահայտումներով, ընտրության նախօրեին փոխել էր հայացքները եւ գովաբանում էր նրան:
Մամուլում տեղեկություններ կային, որ Առուշ Առուշանյանի ընտանիքը Սուրիկ Խաչատրյանի հակառակորդն է, եւ նույնիսկ գրվեց ինչ որ ծեծկռտուքի մասին, որի վերաբերյալ երիտասարդ քաղաքապետն ասել էր. «Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել»:
Գորիսի ընտրության արդյունքը ցույց է տալիս, որ դա ոչ այնքան քաղաքապետի ընտրություն էր, որքան Սուրիկ Խաչատրյանին նախ մարզից, այնուհետեւ իր հայրենի քաղաքից «արմատախիլ անելու» գործընթաց՝ 100 տոկոսանոց քվեարկությամբ:  Ի դեպ, նույն Առուշ Առուշանյանը քաղաքապետի պաշտոնակատար էր դարձել այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետին, ով Լիսկայի կողմնակիցն էր, ստիպել էին հրաժարական տալ: Նա նախ դիմադրել էր ու մի քանի կոշտ հայտարարություն արել, այնուհետեւ՝ գրել դիմումը: Ըստ ամենայնի՝ Լիսկան չէր կարողացել «տեր կանգնել» նրան: Եվ նույնիսկ չի բացառվում, որ Լիսկային «հորդորել են« աշխատել Առուշ Առուշանյանի օգտին, օրինակ՝ իր կողմնակիցների ընտրությանը չմասնակցելու տեսքով:
Այնուամենայնիվ, ուժ և եռանդ ենք մաղթում նորընտիր ղեկավարին և մաղթում նորանոր աշխատանքներ՝ իր մեծ թիմով հանդերձ, ովքեր ևս նպաստեցին այսօրվա արդյունքներին հասնելուն: Նոյեմբերի 5-ին գորիսեցիներն արդեն իրենց փոփոխությունների առաջին հիմնաքարը դրեցին՝ վստահելով Առուշ Առուշանյանի կարգախոսին՝ «միասին կլինենք փոփոխությունների կրողը»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս