Ես վստահ եմ, որ Վարդենիսում կկարողանանք փոփոխություններ իրականացնել. Կարեն Մկրտչյան

468

 Շուտով սպասվում են հերթական ՏԻՄ ընտրությունները, սակայն արդեն խոշորացված համայնքներում: Նոյեմբերի 5-ին ինչպես մի շարք մարզերում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում սպասվում են հերթական ընտրությունները: Վարդենիս քաղաքում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Պարգև Խչեյանը, Արամ Հարությունյանը և Սմբատ Սիմոնյանը:  

   Այստեղ նախկինում առաջադրված  էր նաև Կարեն Մկրտչյանը, ով նախորդ ընտրություններին ևս առաջադրվել էր որպես՝ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու, վերջինս ինքնաբացարկի դիմումի համաձայն դուրս է եկել մրցակցությունից: Կ.Մկրտչանի հետ զրույցից պարզ դարձավ, որ իր համար ամենևին էլ նշանակություն չունի թե ո՞վ կընտրվի, միայն թե Վարդենիս քաղաքն այլևս վերակենդանանա և շարունակի ապրել իր բնականոն կյանքին:       

  Նշենք, որ Կարեն Մկրտչյան իր նախընտրական ծրագրում անդրադարձել էր բոլոր ոլորտներին՝ քաղաքի բարեկարգում, լուսավորության ապահովում, ճանապարհների մայթերի հիմնանորոգում, խաղահրապարակների ավելացում, շենքերի բակերում տաղավարների կառուցում, մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում, մանկապարտեզներին, դպրոցներին առնչվող խնդիրների լուծում:   

  -Պարոն Մկրտչյան ինչու՞ որոշեցիք առաջադրվել:

– Առաջադրվել էի կատարելու այն ամենն ինչ խոսք եմ տվել: Ի սկզբանե միակ նպատակս է եղել, որ ընտրվելուց հետո կարողանամ Վարդենիսը դարձնել աշխատատեղերով հարուստ քաղաք, որպեսզի վարդենիսցին մոռանա արտերկրում աշխատանք որոնելու մասին: Այսօր  երիտասարդությունը ակտիվություն է ցուցաբերում և փորձում է իր լուման ներդնել քաղաքի զարգացման գործընթացում: Առաջադրվել էի  և ունեմ պատրաստակամ ցանկություն քաղաքիս խնդիրները լուծելու համար, սակայն այսօր մեր մյուս թեկնածուի կողքին եմ կանգնել, որպեսզի կարողանանք քաղաքը հեռու տանել կործանումից և ընդհակառակը՝ առավել զարգացնենք: Չէ՞ որ մենք երիտասարդներս ենք վաղվա օրվա գրավականը:

  -Պրն. Մկրտչյան Ձեր նախկին մրցակիցին՝ ներկայումս արդեն դաշնակցին՝ Արամ Հարությունյանին տեսնու՞մ էիք  որպես մրցակից:

Երբևիցե չեմ թերագնահատում մրցակցիս, դա ինձ ոչինչ չի տա: Բայց հավելեմ, որ բնավ կապ չունի թե ով ավելի շատ ձայն կարող էր հավաքել ով չէ, այլ այն, որ պիտի արդեն դուրս գանք այս սոսկալի վիճակից, մի վիճակ, որն օր-օրի ավելի է վատանում: Եվ նշանակություն էլ չունի թե ես կընտրվեի թե Արամը, մենք լավ ընկերներ ենք, հարազատներ, մենք երբեք աթոռակռիվ չենք անի:

-Իսկ ինչպիսի՞ ծրագրերով եք ներկայացել հանրությանը:

– Նոր ծրագրերն առաջիկա տարիների համար շատ տարաբնույթ են: Նախընտրական ծրագրերից առաջնային համարում եմ քաղաքի կանաչապատումը և լուսավորությունը, սակայն կարող եմ ներկայացնել հիմնականներից՝

  • Համայնքի աղբահանության բարելավում
  • Նոր աղբատար մեքենայի ձեռքբերմամբ բնակելի շենքերի տանիքների և մուտքերի ջերմամեկուսացման և էներգախնայողական աշխատանքներ
  • Համայնքի փոքր բիզնեսի աջակցության նախաձեռնություններ ներհամայնքային տրանսպորտ՝ գյուղերի հետ կապի համար
  • Գյուղատնտեսական շուկա
  • Գյուղերի ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների բարելավում
  • Համայնքում մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում

 Եթե այս բոլոր ծրագրերին եթե հավելենք Արամ Հարությունյանի ծրագրերը, ապա միանշանակ կարող ենք ասել, որ շատ կարճ ժամանակահատվածում, վարդենիսցին կապրի իր երազած քաղաքում: 

Կո՛չ եմ անում մեր ընտրողներին կատարեն խելամիտ ընտրություն, քանի որ տարիներ շարունակ կամ ստիպված կլինեն ապրել նույն պայմաններում կամ էլ գրկաբաց կընդունեն փոփոխությունների հրովարտակը:

Mnews.am