Զինվորին չեն զորացրում՝ մինչեւ չվերանորոգի ՊԲ «ԶԻԼ»-ը. հայրը ահազանգում է՝ «գումար չունեմ»

ԼՂ ՊԲ-ում (Քարվաճառի Յանշակ գյուղում) ծառայող Երեւանի բնակիչ Ավետիք Իսահակյանի զորացրման ժամկետից 16 օր է անցել, սակայն հրամանատարությունը հրաժարվում է նրան տուն ուղարկել՝ պահանջելով վերանորոգել ՊԲ-ին պատկանող «ԶԻԼ»-ը: Մեզ հետ զրույցում այսպիսի ահազանգ հնչեցրեց զինվորի հայրը՝ Իշխան Իսահակյանը:

«Այսօր նորից զորացրման օր էր, տղայիս չեն զորացրել: Գնում ենք Պաշտպանության նախարարություն, ասում են գնացեք զինկոմիսարիատ, գնում ենք զինկոմիսարիատ, ասում են՝ մեզնից հասնում է ծառայության ուղարկելը, դրանից հետո մենք գործ չունենք: Հունվարի 9-ին 2 տարին լրացել է, 16 օր է անցել, չեն թողնում տղաս տուն գա: Չգիտենք ինչ անել, ում դիմել»,- մեզ հետ զրույցում ասում էր Իսահակյանը՝ ընդգծելով, որ Ավետիքն իր միակ որդին է, կրում է Արցախում 1992-ին զոհված եղբոր անունը:

Զինվորի հորը խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ «ԶԻԼ» մեքենայի մասին է խոսքը. «Երբ որ տղաս գնացել է ծառայության՝ նրան մի մեքենա են տվել, որ վարի: Այդ մեքենան կցել են իրեն: Մի անգամ չգիտեմ ինչի է կպել, մեքենայի հայելին կոտրել է: Հետո էլ չեն թողել վարի: Մեքենան տվել են պայմանագրայիններին, բայց Ավետիքի վրայից գրանցումը չեն հանել: Հիմա պարզ չէ, թե ինչ վիճակում է այդ մեքենան, ով է փչացրել, ամեն ինչ բարդել են էրեխուս վրա, ասում են՝ մինչեւ չսարքես, տուն չես գնա»,- բացատրեց նա:

Մեր հարցին, թե ո՞վ է իր որդուն նման հրահանգ տվել՝ Իշխան Իսահակյանը պատասխանեց, որ իր իմանալով հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալն է ասել, ամեն դեպքում խոսքը սպաների մասին է:

«Ասում է պապ, մինչեւ մեքենան չսարքեմ, չեմ կարող տուն գալ: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ պապան պիտի գումար ուղարկի, որ մեքենան սարքվի, իրեն թողնեն տուն գա: Ես էսօրվա դրությամբ հնարավորություն չունեմ գումար ուղարկելու, որովհետեւ տարբեր բանկերում վարկ ունեմ, աշխատանք չունեմ: Ի՞նչ անեմ, գնամ գողությո՞ւն անեմ: Շինարար մարդ եմ, մի օր գործ կա, մի շաբաթ չկա: Ես հազիվ իմ ընտանիքը, էրեխեքին եմ պահում: Ես երեխա եմ տվել, որ գնա պետության համար իր պարտքը կատարի՞, թե՞ մեքենա սարքի: Գաղո՞ւթ է, ի՞նչ է ծառայությունը: Ասում են ժողովուրդը լքում է երկիրը, բա էս երկրում մնան ի՞նչ անեն: Երկրի պաշտպան ես ուղարկում, հալածում են: Չեն հասկանում, որ եթե երեխան հասկանար էդ գործից, կսարքեր, որ տուն գնար: Զալոժնի՞կ են պահել, ուզում եմ հասկանալ: 16 օր է իմ ճնշումը բարձրանում ու իջնում է: Միակ տղաս է»,- վրդովմունքն արտահայտեց Ավետիքի հայրը:

Իշխան Իսահակյանը մտահոգ է, որ եթե, Աստված մի արասցե, իր երեխային մի բան պատահի այս ընթացքում՝ բանակը պատասխանատվություն չի կրելու դրա համար:

ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի զորացրվում Ավետիք Իսահակյանը: «Եթե չի զորացրվում, ուրեմն պատճառ կա դրա համար»,- ի պատասխան ասաց նա եւ հավելեց, որ պատճառը հրապարակման ենթակա չի կարող լինել:

Armtimes.am