7 Մարտի, 2017

ՀԱՅԵԼԻ-ն գրում է․

Ani Product

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորը նախընտրական այս շրջանում չեն կարողանում իրար մեջ բաժանել երկու ՀՀԿ-ական պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Կարեն Կարապետյանը (Տաշիր հիմնադրամի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը)։
Hayeli.am-ին հայտնի է դարձել վանաձորցիների շրջանում տարածված այն տեղեկությունը, որ երկու պատգամավորների հակասությունն այն աստիճան է սրվել, որ Վահրամ Բաղդասարյանը թաղային հեղինակություններին հրահանգում է թույլ չտալ Վանաձորի որոշ թաղամասերում Կարեն Կարապետյանը նախընտրական շտաբ ունենա։
Մեզ հայտնի դարձավ, որ հատուկ այդ առաքելությամբ ազատության մեջ է հայտնվել Վանաձորի «Դիմաց» թաղամասում հայտնի քրեական հեղինակություն, Նեգր մականունով երիտասարդը, որ աջակցի Վահրամ Բաղդասարյանին։ Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Նեգրը եւ իր ընկերները թույլ չեն տալիս, որ Կարեն Կարապետյանը Վանաձորի Դիմաց եւ Լագեռ թաղամասերում նախընտրական շտաբներ ձեւավորի։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Վանաձոր «Ֆուլ հաուս» կոչվող սրճարանի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 27-ամյա Դավիթ Քոչարյանը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հիշյալ անձնավորությունն է կրակոց արձակել, որից հետո էլ տուժողի հարազատների կողմից պայթեցվել էր իրեն պատկանող «Վիպ մարկետ» մթերային խանութը։
Այս գործի հետ կապված քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթ իրականացող մարմին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով։ Վերջինս հարցաքննվել է, նախաքննությունը շարունակվում է։
Տեղեկացանք, որ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը, բայց հետագայում դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոց ընտրել՝ ազատելով վերջինիս գրավի դիմաց։
Վանաձորում տարածված լուրերի համաձայն՝ Վահրամ Բաղդասարյանը խոստացել է քրեական գործով զբաղվել, եթե ընտրությունների արդյունքները գոհացուցյիչ լինեն։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա նա էլ ահաբեկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցներին, որ իր ձայների՝ քիչ լինելու դեպքում բոլորին աշխատանքից ազատելու է։

Ani Product

 

 

Լրահոս