25 Հունիսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների:

«Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետևել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է, անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց: Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաև գործընթացի շարունակությամբ: Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝  կարևոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք:  Ամենակարևորը վստահությունն է, հույս ունեմ՝  վստահ եք, որ այն, ինչ ասում եմ՝ այն է, ինչ կա իմ մտքում, այն է, ինչ կա իմ սրտում, իմ հոգում: Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործարարներն ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բիզնես միջավայրի բարելավման, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման հարցերը և այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերը:

Լրահոս