Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2016» ոսկերչական ցուցահանդեսին

6

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։