«Ոչ մի պաշտոն կամ աշխատանք հարատև չէ» Միքայել Ղարաքեշիշյան

19

Միքայել Ղարաքեշիշյան.  Ստեփանավանի քաղաքապետ.

Ստեփանավան  քաղաքն այսօր մեր հանրապետության առաջատար քաղաքներից մեկն է, զարգացած ենթակառուցվածքներով, բարեկարգ ու լուսավոր փողոցներով։ Այս աշխատանքների մեծ մասում առկա է քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի  ձեռագիրը, ով հարազատ տան պես ղեկավարում է քաղաքը, ապրում Ստեփանավանի  ու ստեփանավանցու հոգսերով և հնարավորինս արագ ու արդյունավետ փորձում լուծում տալ դրանց։ Իսկ թե ինչպես է գնահատում իր կառավարման  տարիները և թե ինչպիսի ակնկալիքներ  ունի առաջիկա համայնքների խոշարցմանն ուղղված ընտրություններից զրուցեցինք քաղաքապետի հետ: Նշենք նաև որ նոյեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ, համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձավորվի 34 համայնք: Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կմիանա Ստեփանավան, Ուրասար և Կաթնաղբյուր համայնքները: 

Պարոն Ղարաքեշիշյան, արդեն մի քանի տարի է ինչ  քաղաքապետի պաշտոնն եք ստանձնել, ամեն դեպքում որքանո՞վ եք դժվարանում ղեկավարել այն։

-Շատերին կարող է թվալ , թե դա հեշտ աշխատանք է ու ինքն էլ կարող է քաղաք ղեկավարել: Բայց քաղաքապետ   ընտրվում  է նա, ում ընտրում է ժողովուրդը։ Շատ մեծ է պատասխանատվության զգացումը և պատվով դուրս գալը ժողովրդի առջև։ Դժվարություն որպես այդպիսին չէի մեկնաբանի, ավելի շատ անընդմեջ և շարունակական բնույթ կրող ուշադրությունն է թե՛ քաղաքի, թե՛ ժողովրդի հանդեպ , որն իմ հիմնական նախապայմաններից է։

– Շուրջ 6 տարի է ինչ  պաշտոնավարում եք որպես  քաղաքապետ, ինչպիսի՞ ն էր աշխատանքային մեկնարկը, ի՞ նչ խնդիրներ կարողացաք ավարտին հասցնել այս ժամանակահատվածում:

-Նախկին քաղաքապետը ինչպես գիտեք իմ եղբայրն էր, ով այս քաղաքում մեծ ներդրում է ունեցել իր աշխատած տարիներին։ 2012թ-ի սեպտեմբերի 9-ին  Տիմ ընտրություններին  առաջադրեցի իմ թեկնածությունը, ընտրություններից մոտ 1,5 ամիս առաջ ընդունվեցի  Հանրապետական կուսակցության շարքերը:Թող բարձր չհնչի ասածս իսկապես քաղաքում բոլորին վերաբերում եմ իմ հարազատի պես,այդ իսկ պատճառով որևէ դժվարության չեմ հանդիպել ,չեմ խնդրել ,դռնեդուռ չեմ ընկել ոմանց պես ,բոլորը շատ լավ ինձ ճանաչում էին ,մեր գերդաստանին նույնպես… իհարկե իմ եղբայրը շատ աշխատանքներ է կատարել ,ես հիմա շարունակում եմ կիսատ թողածը: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից,երբ փորձեցի դասակարգել և  լուծել դրանք ,հանդիպեցի դժվարությունների ,խոչընդոտների ,քանի որ ինչպես ասում են ,ցանկությունները շատ են ,հնարավորությունները քիչ: Ծառացած խնդիրների լուծումները պահանջում են ժամանակ և ֆինանսների մեծ ներդրումներ : Նշեմ ,որ այդ հարցում մեր  բախտը  բերել է ,քանի որ ունենք Աժ պատգամավոր ինչպես գիտեք ի դեմս Կարեն Կարապետյանի ,ով ցանկացած հարցում ձեռք է մեկնում իր տարածաշրջանի բնակիչներին: Պետք է նշեմ նաև, որ ընտրվելով որպես քաղաքապետ, ես չարեցի այն կադրային «ջարդը» որն արվում է ընտրությունից ընտրություն՝թիմի անդամներին տեղավորելու կամ նախընտրական «խոստումներ» կատարելու համար: Ի դեպ միակ   թեկնածուն եմ եղել, ոչ մի թիմային նախընտրական խոստում չեմ տվել ,այլ ներկայացրել եմ իմ անելիքն ու ունեցել համախոհներ հանուն Ստեփանավանի: 

-Գուցե պատահական չէ, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ չունեք մրցակից թեկնածու: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կարող եմ հակիրճ պատասխանել և ասել, որ յուրաքանչյուր թեկնածուի առաջադրումով ինքս իմ ներսում՝ իմ կատարած աշխատանքներին թերահավատորեն կնայեի, ինչու՞, քանի որ եթե փոփոխության շարժումը կա, այլևս այնտեղ անելու բան չես ունենա, նույնիսկ ավելորդ կզգաս: Կարծում եմ չեն առաջադրվել, քանի որ գիտակցել են գործի լրջությունը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացման ծրագրին:

-Այնքանով եմ ողջունում, որ ստվերում մնացած և քիչ թվով բնակչություն ունեցող գյուղերի համար դա շատ շահեկան է, արդեն իսկ խոշորացված համայնքը համաչափ զարգացում կապրի: Եվ սրանք լոկ խոսքեր չեն, ես համոզված եմ, որ ընդամենը մի քանի տարուց մենք կունենանք իսկապես տեսանելի արդյունքներ:

Ստեփանավանում այսօր գոյություն ունեցող ո՞ր հիմնախնդիրն եք համարում առավել կարևոր, որի լուծման համար պատրաստվում եք ջանքեր գործադրել։

– Ամենամեծ խնդիրն այսօր արտագաղթն եմ համարում։ Հայ ժողովուրդը ոգեշնչված անկախ ազատ և հզոր հայրենիք ունենալու գաղափարի ակնկալիքով ավելի քան 20 տարի առաջ ազգային զարթոնքի պոռթկումով ստեղծեց մեր անկախ պետությունն` իրականացնելով մեր պապերի դարերի երազանքը: Սակայն մեր նորանկախ հանրապետության առջև ծառացած մի շարք հիմնախնդիրներ պատճառ դարձան, որպեսզի  մեր հայրենակիցների մի մեծ բանակ բռնի արտագաղթի ճանապարհը, որը, ցավոք, մինչ օրս էլ շարունակվում է։ Հանդիսանալով ավանդապաշտ ընտանիքի զավակ, շատ ու շատ անգամներ լսել եմ իմ հարազատներից, թե ի՞նչ է նշանակում թողնել հարազատ տունը և դեգերել օտար ափերում՝սրտում ունենալով հայրենիքի ցավն ու կարոտը: Կարծես վարժվել ենք այն մտքի հետ, որ մեզանից շատերը կարող են շենացնել ուրիշի հողն ու տունը, արարել ու ստեղծել օտարի համար՝ մոռանալով, որ ուրիշի հողում վերջիվերջո օտար ենք և մեր ազգային իղձերի ու երազանքների բնօրրանը Հայատանն է՝ իր ցավերով և ուրախություններով:

-Պրն.Ղարաքեշիշյան ստեփանավանցին ինչպե՞ ս է կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները:

-Նախկինում, Ստեփանավանն  իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում էր Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը: Իսկ այսօր թեպետ  քաղաքն  ունի սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտներ` հյուրանոցներ, հանգստյան տներ, սակայն զբաղվածության խնդիրը քաղաքում մնում է օրակարգային ,աշխատանք չունենալու պատճառով իրենց տունն ու տեղը թողած արտագաղթում են :Մի մասն էլ աշխատում են տարբեր գերատեսչական կառույցներում ՝ քաղաքն ունի մշակույթի տուն, 8 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոց, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա և սանիտարահամաճարակային ծառայություն: Ես ամեն օր ցավով բախվում եմ մեր քաղաքի բնակիչների սոցիալական խնդիրների հետ:Քաղաքապետարանը ,կարծես ,դարձել է սոցիալական օգնության տրամադրման կառույց :Առհասարակ ֆինանսավորումները ես ինքս եմ կատարում որոշ չափով, ինչու ոչ նաև առատաձեռն եմ շնորհիվ իմ ընկերների…

Սակայն,պետք է խոսեմ նաև  երևույթի հակառակ կողմի մասին .նույն օգնություն ակնկալողներին, երբ որ առաջարկում ես ինչ որ  աշխատանք, նրանք միանգամից հրաժարվում են: Մենք հետ ենք վարժվել աշխատելուց կամ աշխատանքով ապրելուց: Մարդիկ կարծում են, որ ներկայումս մեկը մյուսին պարտական է ինչ որ բանով, սակայն չեն կարողանում հասկանալ , որ ամենինչ գալիս է աշխատանք չգտնելուց, չաշխատելուց: Ներկայումս քաղաքում  շատ ունենք կադրերի պակաս, և՛ ջրմուղում, և՛  էլ  ցանցում, և՛  տարբեր այլ ոլորտներում … Հետաքրքիրը գիտեք որն է ,աշխատանք չունենալու պատճառներից նաև  ցանկանում եմ ավելացնել  ներկայիս երիտասարդության անհագ վերաբերմունքը պաշտոնի հանդեպ։ Ամենինչ միանգամից  են ուզում ունենալ, առանց իրենց կյանքի էջերում  պատմություն թողնելու: Սակայն այդ խնդիրը ևս փորձում ենք հաղթահարել և հասնել արդյունքի:

-Ինչպես նկատեցինք քաղաքը առանձնանում է յուրահատուկ մաքրությամբ:

-Իսկապես, քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրության առումով Ստեփանավանում վերջին տարիների համեմատությամբ դրական փոփոխություն են արվել , Ստեփանավանն անցած տարի արժանացավ «ՀՀ լավագույն մաքուր քաղաք կոչմանը», ինչի  համար մենք մեծ աշխատանք ենք իրականացրել։ Ամեն առավոտ «Ստեփանավանի կոմունալ տնտեություն» ԲԲԸ-ի աշխատակիցները ավլում և մաքրում են քաղաքի փողոցները, որին հաջորդում է ավլվածքի հեռացման և աղբահանության աշխատանքները քաղաքի փողոցներից, բազմաբնակարան շենքերի ու անհատական տների բակերից, քաղաքի բոլոր թաղամասերից: Չնայած սրան` հնարավոր չի լինում իսպառ խուսափել կենցաղային աղբի թափոններից, որոնք հաճախ հայտնվում են հենց քաղաքի կենտրոնում` խոսելով ոչ միայն գցողի անփութության ու մի շարք բացասական հատկանիշների, այլև հարազատ քաղաքի նկատմամաբ ունեցած վերաբերմունքի մասին: Նախկինում աղբը փողոցում գցելը շատերն արդարացնւմ էին անհրաժեշտ քանակությամբ աղբարկղերի բացակայությամբ, սակայն միայն անցած տարի Ստեփանավանում` բազմաբնակարան շենքերի բակերում, փողոցներում ու պուրակներում, տեղադրվել ենք Ֆրանսիայի Դեսին քաղաքից բերված եվրոպական ստանդարտներին համապատասխան ավելի քան 400 աղբարկղ, 50 աղբարկղ էլ ձեռք է բերվել համայնքային բյուջեի միջոցներով:  Քաղաքի սանիտարական մաքրությանը խստորեն հետևում եմ  անձամբ   հայտնաբերելու և պատժելու համար այն քաղաքացիներին, ովքեր կենցաղային աղբը գցում են ոչ ավել, ոչ պակաս հենց քաղաքի կենտրոնում` անգամ հրապարակին հարող տարածքում:Իմ  կարգադրությամբ կենթարկվի վարչական պատասխանատվության«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով,  այն քաղաքացիները, ովքեր կշարունակեն խուսափել աղբահանության վճարներից և աղբը կթափեն փողոցում:

-Պարոն Ղարաքեշիշյան, քաղաքում բավականին ակտիվ է մշակութային անցուդարձը, սպորտային կյանքը։ Կխնդրեի այս մասին առավել մանրամասն ներկայացնել ։

-Այն ամենն ինչ ստեղծում ենք ինքներս, մեզ շրջապատող աշխարհն է՝ մշակույթը։ Տարիների ընթացքում մշակութային շատ օջախների հետ խնդիրներ  կային , որոնց շահագործումը մեծ գումարների հետ էր կապված։ Մեծ աշխատանքներ կատարեցինք մշակութային օջախների պահպանման գործում։ Քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք  գրադարաներ, որոնք գործում են բնականոն հունով և տարեցտարի դրանք համալրվում են նոր գրքերով ու գրականությամբ։ Հիմնականում շատերի մոտ այն տպավորությունն է, թե Ստեփանավան  քաղաքն այնքան մեծ բյուջե ունի, որ միանգամից կվերանորոգի ու այսօրվա ժամանակներին հարիր տեխնիկայով կապահովի գրադարանները։ Ցանկալի է, որ ունենանք նման հնարավորություններ, բայց մեր գերխնդիրը եղել է այդ գրադարանները պահպանելը, դեռ ավելին՝ պահում ենք  աշխատողներին, բարձրացրել նրանց աշխատավարձերը և պահպանել ու ավելացրել գրքերի ֆոնդը։ Ճիշտ եք նկատել, մշակութային կյանքը մեզ մոտ ակտիվ է։ Ունենք մշակութային օջախներ, արվեստի, երաժշտական դպրոցներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են  մանկապարտեզներ, սպորտ-դպրոցներ։Ազգային բոլոր ծեսերի և ծիսակատարությունների, պետական ու եկեղեցական տոների առթիվ կազմակերպում ենք  բազմաթիվ մշակութային և զանգվածային միջոցառումներ։ Մարզադպրոցներ հաճախող բոլոր սաների համար մարզումները կազմակերպվում են անվճար և պատահական չէ,որ այս բնագավառում ստեփանավանցիները  գրանցել են բազմաթիվ հաջողություններ։ Մեր մարզիկները նշանակալի հաջողություններ են ունեցել շախմատի, ֆուտբոլի, ծանրամարտի, բազկամարտի տարբեր մրցաշարերում։

Կխնդրեմ անդրադառնանք նաև քաղաքապետարան-բնակիչ կապին։ Որքանո՞վ են հասանելի քաղաքապետարանն ու անձամբ քաղաքապետը՝ ստեփանավանցիների համար։

-Այդ կապը սերտ է, կասեմ ավելին՝ շատ սերտ։ Դա պայմանավորված է բնակիչների ամենօրյա այցելություններով, ընդունելություններով, հանդիպումներով։ Պարբերաբար հանդիպումներ եմ ունենում բնակիչների հետ նաև քաղաքի տարբեր թաղամասեր այցելությունների ժամանակ, և հնարավորության սահմաններում լուծում տալիս նրանց կողմից բարձրացված խնդիրներին։ Հանդիպումների ժամանակ բնակիչներն անկաշկանդ առաջ են քաշում և՛ իրենց խնդիրները, և՛ հանդես գալիս առաջարկություններով։ Այնպես որ, այս հարցում ամեն ինչ մտերմիկ զրույցների սահմաններում է ընթանում։

Խոսեցինք Ձեր աշխատանքային երկարակեցության մասին, քաղաքացիների հետ կապի ու շփումների մասին։ Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Դուք Ձեզ ինչպիսի՞ ղեկավար եք համարում։ 

-Լավ ղեկավար լինելու համար չեմ կարծում, որ խստությունը կարևոր է։ Կարևորում եմ հարգանքը մարդու նկատմամբ, նրան լսելու և հասկանալու ունակությունը։ Իսկ թե ինչպիսի ղեկավար եմ՝ կասեն աշխատակիցները։

-Ինչպիսի՞ որակներ եք կարևորում մարդկանց մեջ։

-Հավատարմությունն ու անկեղծությունը։

Ձեր աշխատանքային ողջ գործունեությունը կապված է Ստեփանավան  քաղաքի կառավարման հետ։ Ձեզ այլ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

-Քիչ առաջ նշեցի, որ մարդն է ընտրում ու հարթում իր ճանապարհը։ Որ ոլորտներում էլ ,որ աշխատում ես, անխուսափելիորեն ձեռք ես բերում նոր որակներ, կոփվում ու ամրանում ես։ Մարդկանց հետ շփումները, նրանց հոգսերին ու խնդիրներին մասնակից դառնալը հանգեցնում է մի կարևորագույն եզրակացության՝ անել ամեն ինչ, որպեսզի կարողանաս օգնել քեզ դիմող մարդուն, համբերությամբ լսել բոլորին, որպեսզի հասկանաս բոլոր նրանց, ովքեր ապավինում են քո օգնությանը։ Իհարկե պատկերացնում եմ.,ոչ մի պաշտոն կամ աշխատանք հարատև չէ….

Ի՞ նչ տվեց  ձեզ պաշտոնը և ի՞ նչ վերցրեց ձեզնից:

-Պաշտոնը ինձնից ու իմ ընտանիքից շատ բան է վերցրել .ժամանակ,առողջություն,միջոցներ. տվել է մեկ բան. հնարավորություն աշխատելու և աշխատանք կազմակերպելու:Իմ ընտանիքը բավականին դժվարությամբ ,բայց արդեն համակերպվել է զբաղվածությանս հետ ,քանի որ հաճախ չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրանց: Սակայն,ես համարում եմ , որ սա նաև փորձություն է ,որ կարողանամ այս դժվար իրավիճակից դուրս գալ: Ես իմ ինքնագործունեությամբ փորձում եմ մարդկանց սովորեցնել, որ կարելի է և  հնարավոր է ազնիվ աշխատել ,որ երբեք չպետք է անձնական շահը գերադասել ընդհանուրի շահից: Ինչքանով է դա ինձ հաջողվում, ես չէ որ պետք է ասեմ:

 

Ես ,պարզապես ,ուզում եմ խնդրանքով դիմել բոլորին ,իմ հարազատ քաղաքի բնակիչներին, որ պատրաստակամ և եռանդով մասնակցեն նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին: Լինե՛նք հավատարիմ և անկեղծ, սիրենք մեր բնօրրանը, դառնանք տեր և ծառա մեր քաղաքի: Միավորվենք մեր քաղաքի խնդիրները միահամուռ ուժերով լուծելու համար: Միավորվենք հանուն մեր Ստեփանավանի…կցանականամ իմ ժողովրդին երջանիկ տեսնել, և գոնե համեմատաբար քիչ հոգսերով լեցուն, մենք արժանի ժողովուրդ ենք, բարեկեցիկ կյանք ապրելու համար…

Mnews.am