Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը:
Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակաընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայման ավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հանրապետության Նախագահը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրիի հետ: