Սոցիալական խնդիրների կարգավորումը՝ բարեկեցիկ ապագայի հեռանկար.

1394

Փետրվարի 22-ին լրացավ Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարման 100 օրը: Մի քանի ամիս շարունակ Դ.Համբարձումյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ պարբերաբար  համագործակցել և պատշաճ կերպով ներկայացրել է գործունեությունը: Այսօր կայացած մամլո ասուլիսի շրջանակում քաղաքապետի կողմից ներկայացվեց և լրագրողներին էլ ավելի  լուսաբանելի դարձավ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքների իրագործումը: 
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանն իր նախընտրական ծրագրերում անդրադարձել էր բոլոր ոլորտներին՝ քաղաքի բարեկարգում, լուսավորության ապահովում, ճանապարհների, մայթերի հիմնանորոգում, խաղահրապարակների համալրում, շենքերի բակերում տաղավարների կառուցում, մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում, մանկապարտեզներին, ինչպես նաև դպրոցներին առնչվող խնդիրների լուծում:           

– Պարոն Համբարձումյան, այսօր լրացավ Ձեր  պաշտոնավարման  100 օրը , որի  առթիվ շնորհավորում  ենք, ի՞նչ կարևոր    ձեռքբերումներ,    իրադարձու-թյուններ և իրողություններ կնշեք  այս կարճ ժամանակահատվածից:

– Բարեկարգման ոլորտում իրականացրել ենք մի շարք տեսանելի աշխատանքներ: Միաժամանակ իրականացվել է գիշերային լուսավորության և լուսաթարթիչային համակարգի ամբողջական տեղադրում: Աշխատանքներ են կատարվել բազմաբնակարան շենքերի կոյուղագծերի և ջրագծերի վթարների վերացման ուղղությամբ: Երթևեկության անվտանգությունը պահպանելու համար կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ,  ինչպես նաև կատարել ենք գծանշումներ և տեղադրել լուսացույցեր: Իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից կողմ եմ կանաչապատ տարածքների զարգացմանը.  գաղափարն իրագործելի դարձավ ի շնորհիվ  նոր տնկիների, որոնք տևականորեն խնամվում են: Սպորտը և մշակույթն անբաժան են մեր երկրից և հայ տեսակից: Այսօր այդ երկուսը մեզ համար իսկապես դարձել է ապրելակերպ և դա նպատակ է հադիսացել մեր մտքերի հղացմանը: Ի շնորհիվ Ա. Նազարյանի անունը կրող մարզական համալիրի հատուկ ուշադրություն ենք դարձնում քաղաքի երիտասարդության ֆիզիկական կուլտուրայի ակտիվացմանը: Զարկ ենք տալու և՛ մշակույթին, և՛ ընթերցանության զարգացմանը, և՛ սպորտային կյանքի ակտիվությանը: Մասիսցին սիրում է մասնակցել միջոցառումների, այդ իսկ պատճառով հետևողական ենք և յուրաքանչյուր տոնին պատրաստվում ենք հավուր պատշաճի:

Փետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնին Մասիս քաղաքի կենտրոնական այգու հարակից տարածքում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որն իր մեջ ներառում էր ողջ ծիսական ավանդույթները: Ուզում եմ մասնավորեցնել, որ այդ օրը մեր քաղաքի համար հիշարժան դարձավ, քանի որ մեծ պատվի արժանացանք և հյուրընկալեցինք Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Եվ կարող եմ նշել, որ հաջողվեց սերտ բարեկամական հարաբերություններ ստեղծել, որը կնպաստի մեր հերթական ծրագրերի իրականացմանը:

– Պարոն Համբարձումյան մի փոքր կխոսեիք առաջիկա ծրագրերի մասին:
– Չնայած կատարված մի շարք բարեփոխումների, այնուամենայնիվ դեռևս կան չլուծված խնդիրներ և մենք պատրաստակամ անհապաղ լուծման եզրեր կգտնենք: Դրանք են՝  ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգումը, նոր խաղահրապարակների և  բակերում հանգստի տաղավարների կառուցումը, անձևրաջրերի հեռացման համակարգերի և  շքամուտքերի դռների հիմնանորոգումը, թաղամասեերի լուսավորության համակարգի կառուցումը, փողոցների բարեկարգումը և ասֆալտապատումը, էներգախնայող լուսավորվածության արդիականացումը լեդ համակարգով:
 Ի վերջո սոցիալական խնդիրների կարգավորումը   բարեկեցիկ ապագայի հեռանկարն է: Մեզ համար կարևորագույն հոգսը քաղաքացիների բարեկեցությունն է, մնացած խնդիրները կլուծենք ժամանակի ընթացքում: 

Հավելենք նաև  Դավիթ Համբարձումյանի դիրքորոշումը՝ առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ, որ  սատարելու է իրենց հարգարժան պատգամավոր՝ Մուրադ Մուրադյանին: