«Ցանկացած պաշտոնյայի պետք է մտահոգի, որ պաշտոնի հաշվին համբավ ունենալը ժամանակավոր է.» Ալիկ Սարգսյան

93

Ամանորյա տոնական տրամադրությամբ, միևնույն ժամանակ բուռն քաղաքական  եռուզեռով է լեցուն  մեր նորընտիր պատգամավորներով լեցուն Ազգային ժողովը: Այս օրերին բավական զբաղված և ծանրաբեռնված էր Ալիկ Սարգսյանը, ում հետ թերևս առիթ ունեցանք հանդիպելու հարցազրույցի շրջանակներում:     Mnews.am-ի հետ զրուցակիցն է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, ՀՀ նախկին ոստիկանապետ՝ Ալիկ Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան ինչու՞ հենց  պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ:

-Ճիշտն ասած, ինձ առաջարկեցին, քանի որ իմ աշխատանքային բազզան և փորձը ինձ թույլ էր տալիս աշխատել այդ հանձնաժողովում: Նշեմ, որ  երևի մի քանի հանձնաժողով ևս կար, որտեղ  իմ աշխատանքը կգտնեի, նույն տնտեսական, առողջապահական, սոցիալական ոլորտներում, սակայն բացառում եմ ֆինանսատնտեսական և պետաիրավական  հանձնաժողովները: Իսկ ինչ վերաբերում է այն հանձնաժողովը, որում ներգրավված եմ, նշեմ, որ դրա ընտրությունը պայմանավորված է նախկինում զբաղեցրած պաշտոնների  հետ , հիմնականում նկատի ունեմ ոստիկանապետ աշխատած տարիները, դա էլ իր ազդեցությունն ունեցավ:

Երիտասարդ տարիների ցանկությու՞ն թե ամեն դեպքում լուրջ  մտադրություն կար աշխատել և կայանալ ոստիկանական ոլորտում:

– Ամենամեծ առիթը հանցավորության դեմ պայքարի ցանկությունն էր, երբևիցե  չեմ ընդունել  և ընկալել ամեն տեսակի բռնություն, դա մարդուն կամքից կոտրելն է, կարելի է ասել դա եղավ հիմնական մեխը ոստիկանական համակարգ ներգրավվելու համար: Մինչ այդ աշխատում էի մշակութային ոլորտում, սակայն տարիների ընթացքում հասկացա, որ տղամարդուն առավել վայել և հարիր գործ է, որ իր խոսքը կարողանա լսելի դարձնել հանրությանը, հնարավորությունները  կարողանա դրսևորել: Բացի դա, համակարգում աշխատում էր քեռիս, ով ինձ համար իսկապես առաջնորդ մարդ էր, ինչպես նաև ընդօրինակելի, այդ մարդու շնորհիվ գուցե ստացվեց իմ մասնագիտական ընտրությունը և նոր բացահայտումներ արեցի ինքս իմ ներսում: Չեմ փոշմանել ընտրածս ուղղու համար:

-Լինելով  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, միշտ ակտիվ մասնակցություն եք ունենում հանձնաժողովում քննարկվող հարցերի շուրջ : Վերջերս էլ մեծ աղմուկ բարձրացրած նախագծի վերաբերյալ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին տվեցիք ձեր կարծիքը :

– Նախագիծը խիստ արդիական է, թելադրված է ժամանակի պահանջներից, և նախագծում  լուրջ հավասարության էլեմենտներ եմ տեսնում, որը բխում է մեր հասարակության շահերից։ Գիտության բնագավառում հաջողություն կերտելու համար նախագիծը որևիցե կերպ որևիցե մեկին չի խոչընդոտում։ Ընդհակառակը՝ հնարավորություն կտա, որ գիտությամբ զբաղվեն մարդիկ, որոնք շնորհք ունեն և իրավունք ունեն գիտությամբ զբաղվելու, ոչ թե ուղղակի հետագայում լրացնենք գիտությունների թեկնածու վաղուց հնացած, մաշված և շատ ժամանակ նույնիսկ կասկածի թեզը։ Այդ իսկ պատճառով  կողմ քվեարկեցի։

Նախագծին կողմ քվերակելով ցանկացել եմ ներկայացնել, բացի այն որ ինձ ոչ ոք չի ստիպել կողմ քվեարկել, երկրորդն էլ այն, որ եթե ուզում եք Ձեր պետականությունը ունենալ,եթե ուզում եք Ձեր դրոշը  ներկայանալի լինի աշխարհին, ապա պիտի գիտակցենք վտանգը, այսօր արցախյան գոտեմարտի խնդիրն ունենք, ո՞վ է սա փաթաթել մեր վզին՝ ոչ-ոք, սա մեր ճակատագիրն է, մեր աշխարհագրական դիրքն է: Եթե բոլորը սկսեն մտածել, որ մեր երկրում չծառայեն, կասե՞ք ով է պահելու, երկիր ունենալը միայն հիմնը հնչեցնելը չէ: Մենք այսօր պատերազմող երկիր ենք, եթե մենք այսօր հեղինակություն ունենք աշխարհում, կա նաև պատերազմող երկիր ունեցող ստատուսը, ով կորուստներ ունենալով , զոհեր ունենալով այսօր պաշտպանել են իրենց մի մասնիկը: Ճիշտ է վտանգավոր է, ո՞վ չի հասկանում , որ զավակը ծնողի համար թանկ է, բայց գիտակցելով հանդերձ չպետք է խուսափել:

Պարոն Սարգսյան կարելի է ասել, որ Արարատի մարզը երևի թե ամենաանհանգիստ ու ինտրիգային  մարզն է: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններն այս անգամ անցան խաղաղ պայմաններում: Ինչքանո՞վ եք գոհ Արտաշատի նոր քաղաքապետից. արդյո՞ք ձեր սրտով է:

– Քաղաքապետի ընտրություններն իրոք այդպես անցավ, չէի ուզենա ավելորդ ինտրիգներ տեղի ունենային: Մեր երիտասարդական կուսակցության թևի առաջնորդն է, դեռևս նոր է, ինչ որ կարծիքներ չեմ կարող ասել: Ամեն դեպքում իրեն դրսևորելու և ճիշտ աշխատելու ժամանակն է, կամ կաշխատի համբավ և սեր վաստակելով ժողովրդից, կամ ընդհակառակը՝ կտապալվի, կարիերան կավարտվի:                                                                 Ընտրության հանգստության մասով էլ ասեմ․վերջին ժամանակներում մեր ժողովրդին իսկապես շատ քաշքշեցինք, որը որ չափից շատ էր, նրանք պետք է այնքան լավ ապրեն, որ չհետաքրքրի անգամ թե ո՞վ ընտրվեց այսինչ պաշտոնում: Ամեն ընտրություններին ժողովուրդը սթրես է տանում ու դրա կենտրոնում մենք ենք:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը ԱԺ-ում, ադապտացվել եք, թ՞ե դեռ շարունակում  եք: Նկատելի է, որ մշտապես Ձեր աշխատասենյակում ունենում եք հյուրեր, Աժ պատգամավորներ:

 Դեռևս  շարունակում եմ ադապտացվել, անկանոն ընթացք է: Այո, դե հարևան պատգամավորներ կան, ովքեր գալիս են, սրճում ենք զրուցում,բանավիճում, քննարկում տարբեր հարցեր ։

Գեղեցիկ մարգարիտներ շարելով, երկիր չենք կառուցի, պետք չէ միապաղաղ և բառարանից դուրս գրած բառերով շփվել ժողովրդի հետ, խոսիր այն բառերով, որով մարդիկ հասկանում են, բառաշարան է, տասը նախադասություն տասն էլ անհասականալի և դա գրագիտության նշան չէ, պետք է խոսել ժողովրդի լեզվով, մեզ վերամբարձ խոսքեր պետք չեն: Թող բոլոր վերլուծողներն ու հռետորները հասկանան, որ ժողովուրդն իրենց ծաղրանքով է մոտենում: Յուրաքանչյուր պարագայում պարզեցումը պետք է:

-Ինչպիսի՞ն է այս պահի դրությամբ Ձեր հարաբերությունները նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի հետ։ Մասնավորապես այն դեպքում, որ Աբրահամյանների վերահսկողությունը մարզում նվազել է:

– Նորմալ, բարևում ենք , նորմալ հարաբերություններ: Այսպիսի մի հասարակ բան ասեմ, ի վերջո մարդը երկար տարիներ աշխատել և անուն է վաստակել, գերակշռող հասարակության հոսք է եղել իր տուն, իր միջավայր, ամեն հարցով նրան դիմել են: Հիմա եթե մարդը որոշել է դադար վերցնել, հանգստանալ, չպետք է թյուր կարծիքներ լսել: Ինչքան մարդը մեծ պաշտոնի անհատ է և մեծ հնարավորություններ ունի, ինչքան շատ մարդկանց է կարողանում օգտակար լինել, այնքան շատ մարդ կա կողքը, ինչքան կարիքը չի լինում, մարդիկ գնում են այն մարդու մոտ, որից տվյալ օգնությունն ավելի են ակնկալում: Եվ դա ինչ որ տեղ վերագրում են մարդու հեղինակային անկմանը, դա սխալ մեկնաբանություն է: Ես ըմբռնումով եմ մոտենում առհասարակ ամեն ինչին:

Ես այս տարի բոլորովին այլ մարզ տեսա Արարատում, ամեն ինչ փոխվել էր, այն ինչ որ ես ակնկալում էի և նրանց հետ, ում հետ շփվում էի, լավություններ էի արել մարդիկ թողեցին հետևում, ամեն դեպքում իմ ժողովրդից նեղացած չեմ: Մարդն է այդպիսին, ունի չգնահատելու հատկանիշը, գուցե դրա շնորհիվ էլ կյանքում որոշակի հաջողությունների հասած լինի: Ցանկացած պաշտոնյա, պետք է գիտակցի, որ իր հեղինակությունն ու համբավը պայմանավորված է միմիայն ժամանակավոր պաշտոնով: Ես միշտ բարի նախանձով եմ  վերաբերվում այն մարդկանց, ովքեր պահել են իրենց սահմաները և մարդ են մնացել ՝ պաշտոնով և առանց պաշտոնի:

Սիրում եմ զբոսնել, քայլել Արտաշատի փողոցներում, մարդիկ նորմալ բարևում են, հարգալից, որևիցե պաշտպանության և ավելորդ թիկնազորի կարիք չունեմ: Դա ինձ հաճույք է պատճառում, որ կարողանան մտածել ,թե նախկին ոստիկանապետը կարողանում է առանց ավելորդ անվտանգության քայլել դրսում:

Ինչի՞ համար եք զղջում կյանքում:

-Շատ շատերի հանդեպ ունեցած վերաբերմունքիս համար եմ զղջացել: Նրանք արժանի չէին այդ վերաբերմունքին, պետք է վարվել այնպես, ինչչպես իրենք կվարվեն: Մարդու տեսակ կա, որ ծնվել է սողալու համար, բայց դու մի փորձիր թռչել սովորեցնել, միևնույն է զղջալու ես, պետք է նպաստես ավելի լավ սողալուն: Քանակը որոշիչ է, որակն ավելի ցանկալի է: Միգուցե դա էլ է կյանքի բնականոն ընթացքի մի մասնիկ: Դու նրան մի այլ տեղից հանում ուղեկցում ես ավելի բարվոք կյանք, բայց սկսում ես ճանաչել իրեն՝  քո կողմից  ընձեռած կյանքի ժամանակահատվածում: Այսօր իմ կողքին ինձ հարազատ և սրտակից մարդիկ են մնացել, որից որ խիղճս հանգիստ է, ես վաստակել եմ անունս, երեխաներս առանց ամաչելու ներկայանում են, թե ում զավակներն են:

– Ներողամի՞տ մարդ եք:

– Երբևէ ճիշտ չեմ գտնում վրեժխնդրությամբ լցվել, ոչ դա իմ կյանքի օրենքները չեն: Համարում եմ , որ կյանք է բոլորիս մոտ  էլ սխալներ լինում են: Ես առիթ չունեմ անտարբեր լինելու, բարևն Աստծունն է, բարևում և անցնում եմ առաջ․․․

-Պարոն Սարգսյան եկեք մի փոքր խոսենք թանկացումների մասին, ՀՀԿ ներկայացուցիչները շատ կոպիտ մեկնաբանություն տվեցին թանկացումների վերաբերյալ, թե միևնույն է աղքատներին դա չի հուզում, միևնույն է նախկինում էլ չէին օգտվում դրանից:

-Իմ խորհին համոզմամբ մեր հանրապետական գործընկերն ընդամենը հումոր է արել, և սլաքները բոլորովին ուղղված չի եղել սոցիալապես անապահով խավի դեմ: Ցավում եմ, որ սխալ է ընկալվել: Բայց ես այդ մարդուն ճանաչելով, կանեմ մի հետևություն , որ գրագետ անձնավորություն լինելով ընդամենը կատակել է և այնպես չի, որ ժողովրդից կտրված մարդիկ են, ո՛չ, նրանք իրենց քաղաքական կարիերայում նման կիքսեր չէին անի: Ուղղակի սոցիալական ծանր պայմանները մեր ժողովրդին զրկել են հումորի զգացումից և այդ սև հումորը չեն ընկալել: Տխուր մարդու հետ կատակ չեն անում, դա հաշվի չէին առել:

Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար մարզում ու՞նեք գրասենյականեր և ինչպիսի՞ գրաֆիկով եք աշխատում. ի՞նչ հարցերով են մոտենում բնակիչները:

-Բոլոր տեղերում էլ բացված են կուսակցության գրասենյակներ, մշտապես բնակիչների հետ կապի մեջ ենք, աշխատում է մեծ թիմ: Շատ տարբեր հարցերով են մոտենում և  անհատական մոտեցումներով, փորձում ենք ականջալուր լինեն և կարողանալ օգտակար լինել:

Այսքան պաշտոններով լի կյանք եք ունեցել, ո՞րն է Ձեզ համար եղել ավելի ֆավորիտային:

-Սիրել եմ մարզպետի պաշտոնը, եթե ժողովրդի հետ աշխատանք, ապա ՝մարզպետի պաշտոնը, եթե ոստիկանությունը, այն ոլորտը որտեղ մեծացել եմ ապա՝ ոստիկանության համակարգը, քանի որ անկախ դժվարություններից հաճույքով աշխատել եմ որպես ոստիկանապետ:

-2018-ի համար լավ կանխատեսումներ ունե՞ք: Հենց տարեսկզբին թանկացումներ են սպասվում։

-Այս տարի սպասածից համեմատաբար ավելի լավ ենք փակում տնտեսական ցուցանիշները, խաղաղություն է երկրում, ներդաշնակություն կա որոշակի։ Ճիշտ է՝ խնդիրներ ունենք, աղքատություն ունենք, թանկացումներ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է անընդհատ չբողոքենք, մենք պետք է աշխատենք, և շարունակ  աշխատենք:Այնպես չէ, որ բոլոր ապրանքատեսակները պետք է թանկանան, շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ էլ կան. ամեն տարի կարծես ավանդական է դարձել Նոր տարվա շեմին: Ինչպես նաև անելիքներ ունի կառավարությունը, անելիքներ ունի այստեղ ՏՄՊՊՀ-ն, որպեսզի այդ թանկացումները կամայական չլինեն, եթե լինում են, լինեն հիմնավորված չափով:

-Ամանորյա բարեմաղթանքներն համայն հայությանը…

-Մաղթում եմ առաջինն առողջություն, երկրորդը կրկին առողջություն, այն երբեք շատ չի լինում: Եթե մարդու մեկ մատն էլ ցավի, նրա աչքերում բոլոր գույները խամրում են: Մեր երկրում խաղաղություն, որպեսզի կարողանանք հանգիստ ստեղծել  և արարել, աշխատել, մարդիկ բարեկեցիկ ապրելու իրենց իրավունքը վաստակեն: Ոչ մի պետական այր թող չկարողանա իրեն լավ զգալ և ձեռքերը վեր պարզել, քանի ժողովրդի մեջ չունենք միջին խավը, թող այդ աղքատները լինեն այնքան քիչ, որ բարեկեցիկ կյանքով ապրողների ֆոնի մեջ կլանեն նրանց, ինչ որ սոցիալիստական ժամականերում այդպես էր: Շատ աշխատողը շատ պիտի ունենա, քիչ աշխատողը՝ քիչ, հավասարություն կոչվածը հարաբերական է:

Ուրախ Նոր տարի  և մեծ հաջողություններ եմ մաղթում մեր ազգին և թող  մեր զավակներին էլ հանգիստ ծառայեն և վերադառնան իրենց ծնողների մոտ:

Mnews.am