19 Սեպտեմբերի, 2017

Armtimes.am -ը գրում է ․ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ` Դավիթ Օհանյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել Երեւան-Երախս ավտոճանապարհին: Փոխքաղաքապետի Hyundai մակնիշի մեքենան բախվել էր ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ:

Ani Product

Այսօր armtimes.com-ը Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել վթարի պատճառը, ճշտվե՞լ է վնասի չափը:

Ani Product

«Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համապատասխան վարույթ է հարուցվում, որի շրջանակներում կպարզվի, թե մեղավորը ով է»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Armtimes.com-ի հարցին, թե փոխքաղաքապետի վարորդը ու՞ր էր գնում ծառայողական մեքենայով, այն էլ ոչ աշխատանքային օրով, Գեւորգյանը մեկնաբանեց.

«Կներեք, ե՞ս եմ եղել ղեկին, որ ինձ եք հարցնում: Լրատվության վարչության պետը չի կարող պատասխանել անձի կոնկրետ գործողության մասին հարցին, ի վերջո, ես այդ անձը չեմ, որ կարողանամ պատասխանել մեկ այլ անձի գործողության շարժառիթների, դրդապատճառների մասին»,- ասաց լրատվության վարչության պետը:

Դիտարկմանը, թե անձնական նպատակներով է մեքենան օգտագործվել, Գեւորգյանը բորբոքվեց.

«Կխնդրեմ ենթադրությունների եւ տպավորությունների փոխարեն սպասել, երբ որ կլինի հստակ ասելիք, էդ ժամանակ նոր ասեք, ոչ թե ենթադրություն արեք: Ես ենթադրությունները չեմ մեկնաբանում»,- ասաց լրատվության պատասխանատուն:

Երեկ մեր զրույցում Դավիթ Օհանյանը դեպքի վերաբերյալ ասել էր. «Դե հիմա… վարորդն ընտանիքով տեղ էր գնացել»:

Հետաքրքիր է՝ ինչու՞ փոխքաղաքապետի եւ լրատվության պատասխանատուի պատասխանները չեն համապատասխանում միմյանց:

 

Լրահոս