10 Մայիսի, 2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշել է ԱԱԾ պետ նշանակել ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանին, իսկ ոստիկանապետի պաշտոնում բոլորիս հայտնի Վալերի Օսիպյանին, որի անունը շրջանառվում էր վերջին օրերին։

Արթուր Վանեցյանը ԱԱԾ երկարամյա աշխատակից, կադրային սպա։ Նրա մայրը երկար տարիներ աշխատել է նախագահի նստավայրում՝ տարբեր նախագահների օրոք։ Կինը եւս պետական համակարգում է աշխատել, այժմ գործարարությամբ է զբաղվում՝ մոտ մեկ տարի առաջ բացված «Վիլլա մոնթեսորի» մանկապարտեզային համալրի հիմնադիրն ու տնօրենն է։ Երկու արու զավակ ունի։

 Իսկ Վալերի Օսիպյանը ՀՀ քաղաքացիներին քաջ ծանոթ է որպես ցույցերի ցրման մեծ մասնագետ։ Նույնպես համակարգում է վաղեմի ժամանակներից։ Նրան մարդիկ հիշում են դեռ հոկտեմբերի 27-ի գործով՝ Նաիրի Հունանյանի խմբին ուղեկցող ոստիկանների ջոկատի հրամանատար։ Օսիպյանը շատ ուշ է ամուսնացել, նա ունի մեկ զավակ։ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ նրան պատանդ էին վերցրել եւ նա Ծռերի գործով որպես տուժող է անցնում։
kotayk

Լրահոս