16 Նոյեմբերի, 2016

«Ժամանակ» թերթը գրում է. «Զոհված կամ վիրավոր զինծառայողների փոխհատուցման ծավալները մեծացնելու համար 1000 դրամի գանձման մասին օրինագծի քննարկումներում իշխանությանը «հաջողվեց» ամենաանցանկալին եւ վտանգավորը՝ խնդիրը ընդամենը 1000 դրամ «տալ-չտալու» դաշտ բերելը:

Իշխանության համար դա ամենահեշտ դաշտն է, քանի որ այդ դաշտում գործելու համար իշխանության ռեսուրսները բավականին, անհամեմատ շատ են, քան հանրային այն խմբերինը, ովքեր հանդես եկան նախաձեռնության քննադատությամբ եւ ընդդիմախոսությամբ: Դրա հետեւանքով իսկապես կարեւոր, անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած նախաձեռնությունը «պրիմիտիվացվեց», ինչպես գրեթե միշտ:

Հասկացա՞վ իշխանությունը՝ ինչն է բուն խնդիրը, թե՞ ոչ: Հասկանալո՞վ տարավ խնդիրն այդ «պրիմիտիվ» ուղղությամբ, թե՞ ոչ: Ասելը բարդ է, թեեւ թվում է, որ այդքան էլ բարդ չէր հասկանալ, պատկերացնել խնդրի նրբությունը, իրավիճակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբերանգները, եւ նախաձեռնությունը տանել բոլորովին այլ ճանապարհով, այլ մոտեցմամբ:

Գուցե իշխանությունը հարցը «պրիմիտիվացրեց»՝ հասկանալով, որ այդ դաշտում ինքն, իհարկե, անգերազանցելի է: Պարզապես բանն այն է, որ այդ անգերազանցելիությունը վաղուց արդեն իշխանության հաղթանակ է ապահովում ոչ թե իր նախաձեռնությունները առաջ մղելու հարցում, այլ բերում է պետության համար հետընթացի, քանի որ ապամոնտաժում է հասարակական հարաբերությունների կարեւոր թելեր, հյուսվածքներ, որոնց վնասվելու դեպքում պետությունն ունենալու է շարժունակության լրջագույն խնդիրներ: Աչքը հանելով՝ ունք շինելու տարիների քաղաքականությունն է, որ պետությունը հասցրել է սպառնալից մարտահրավերների շեմին, ու պարզվել է, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու կարողությունները «պրիմիտիվ» են:

Իշխանությունն այժմ էլ կարող է շատ բարեհաջող բարիկադավորվել, վերականգնել այն պատը, որի քանդելու պատրաստակամության մասին հայտարարում էր 2008 թվականի մարտի 1-ից հետո՝ չհասկացվածության պատը: Սերժ Սարգսյանն այժմ սկսել է այդ չհասկացվածության պատը նորից կառուցել, ինչը չի կարող որեւէ լավ տեղ տանել:

Ռոբերտ Քոչարյանն էլ հանրային նշանակության խնդիրները լուծում էր հենց այդ մոտեցմամբ՝ բարիկադավորվելով, հասարակությունը բաժանելով սեւի եւ սպիտակի, ինչի հետեւանքը ի վերջո եղավ այն, որ եթե 2004 թվականի ապրիլին հաջողվեց խուսափել մարդկային կյանքի կորստից, ապա 2008 թվականի մարտին, դժբախտաբար, դրանից խուսափել չհաջողվեց:

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում եղել են բազմաթիվ ճակատագրական պահեր, որոնցում մարդկային կորստից հնարավոր է եղել խուսափել հենց այն պատճառով, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմադիր ուժերը կյանքը չեն պատկերացրել սեւ ու սպիտակ:

Սերժ Սարգսյանն այժմ սկսել է ինտենսիվ կերպով կառուցել կյանքի հենց այդ պատկերացումը, որից գոնե թվում էր, որ իշխանությունը, ի բարեբախտություն պետության, հրաժարվել էր ընդմիշտ, անդառնալի, եւ որի հետեւանքով պետության վիճակը առանձնապես մեծ փոփոխություններ չէր կրել, իշխանությունն առանձնապես չէր բարեփոխվել, սակայն գոնե հնարավոր էր եղել խուսափել ողբերգական ու ծանր զարգացումներից, պետությունը զերծ պահել դրանից:

Այժմ Սերժ Սարգսյանը վերականգնում է պատը, որը, սակայն, ոչ թե հասարակության ընդդիմադիր մասի, այլ պետության առաջ կանգնեցվող պատ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս