3 Մարտի, 2017

Մարտի 5-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Կրքերը թեժ են, ինչ խոսք։ Թեկնածուները մեկը մյուսի հետևից խոստումներ են շռայլում, կիրականացնեն դրանք թե ոչ, այլ հարց է։ Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր Հայաստանում քաղաքական գործիչների մեծամասնությունը պաշտոնն ու դիրքն օգտագործում են սեփական անձի հաճույքները բավարարելու համար։

Բացառություն չէ նաև ՀՀԿ-ական, սակայն ՀՀԿ-ից նեղացած ու կուսակցությանը դավաճանած Մհեր Սեդրակյանը։ Ավելորդ չէ ասել, որ հենց կուսակցության ներսում պատերազմ ու պայքար է սկսվել։ Հանրապետականները դուրս են եկել միմյանց դեմ։ Պատճառը մեկն է՝ կուսակցության տեղային՝ ռեյտինգային ցուցակով առաջադրված լինելը։ Բոլորը ձգտում են ապագա խորհրդարանում տեղ ունենալ։

Այս առումով բավական հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել Էրեբունի համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջ է «բրդել» երիտասարդ կադրի՝ Ասատուր Սահակյանին՝ «Վենեցիա» ռեստորանի սեփականատիրոջը։ Դժվար չէ գլխի ընկնելը, թե կուսակցության վերնախավի այս քայլը ինչպես է ընդունվել Մհեր Սեդրակյանի կողմից։ ՀՀԿ-ն իր կուսակցին շատ հեշտությամբ փոխում է, ինչպես շախմատում, նրա փոխարեն ռեյտինգային ընտրակարգով առաջադրելով ուրիշ ՀՀԿ-ականի։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, տեղին է ասել, կամ կուսակցությունը երկուսին հանել է իրար դեմ։ Նպատակը ո՞րն է։ Նպատակը մեկն է՝ ցույց տալ առուներին, որ գետից շեղվելը լավ բան չէ, առուն կարող է չորանալ։ Իսկ չորացնելու ձևերն հայտնի են, ինչպես կասեր ՀՀ նախագահը։

ՀՀ-ում չկա մի քաղաքացի, ում մոտ արտաբերես Թոխմախի Մհեր անունը և չտեսնես դեմքի բացասական արտահայտություն ու չլսես ականջին ոչ հաճելի խոսքեր…

Դա է իրականությունը։ Դրանից չես փախչի։ Նա երբեք էլ չի փայլել իր բարեկրթությամբ, գրագիտությամբ։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք թվարկել Սեդրակյան Մհերի հերոսություններից՝ լրագրողներին հայհոյելուց, վիրավորելուց մինչև մարդկանց ծեծելն ու ահաբեկելը։ Իրեն Էրեբունու տեր-տիրակալ համարող Սեդրակյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կուսակցությունից դուրս է մնացել, որ իր թաղում առաջադրվել է իրենից երիտասարդ մեկը։ Սեդրակյանի զայրույթը արտահայտվում է իր հակառակորդի մրցակիցներին աջակցելով։ Ավելի պարզ՝ Սեդրակյանն առաջ է գնում իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է կարգախոսով։ Արդարության և օբյեկտիվության համար պետք է նշել՝ Էրեբունիում կուսակցության կողմից առաջադրված Ասատրյանը ևս չի փայլում իր նպատակների, ծրագրերի ազնվությամբ։ Նա անգամ հանրությանը հայտնի չէ։ Նրա մասին ոչ մի բան ժողովուրդը չգիտի։ Նրա ո՞ր արածի համար պետք է ընտրողը ձայն տա։ Ահա այս հարցերին պատասխանելուց հետո յուրաքանչյուր թեկնածու կկարողանա ազնվորեն նայել ընտրողին, սեփական ժողովրդին։

Ի դեպ՝ Ասատուր Սահակյանը բավական երկար տարիներ աշխատել է ՀՀ մաքսային ծառայությունում։ Մեկ բան հստակ է՝ Էրեբունիում նախընտրական պայքարը թեժ է լինելու, ՀՀԿ-ականներն իրար չեն զիջելու, ամեն ինչ օգտագործելու են միմյանց սևացնելու, ընտրողի աչքից թեկնածուներին գցելու ու սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Մեզ մնում է հուսալ, որ վաղ թե ուշ Հայաստանը կազատվի նման հերոսներից և մենք էլ առիթ չենք ունենա նրան անդրադառնալու և ուշադրությունը կսևեռենք ավելի կարևոր և հրատապ հարցերի վրա․․․

Իսկ առաջիկա ընտրություններում մարդկանց կօգնի սեփական հիշողությունը․․․

kotayk

Լրահոս