11 Մայիսի, 2017

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տեղի ունեցած բողոքի ցույցը ավարտվել է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է  բողոքի ցույցի նախաձեռնող, Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանը:

«Մարզպետը եկավ, ասաց՝ խնդրում եմ երեք օր ժամանակ տվեք, ճանապարհի փոսերի հարցը կլուծեմ: Մենք էլ համաձայնվեցինք, տեսնենք ի՞նչ է անում»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից Իջեւանի եւ հարակից համայնքների մոտ 400 բնակիչներ փակել էին Մ4 միջպետական ավտոճանապարհը: Սեւադա Ղուկասյանի փոխանցմամբ՝ բողոքի ցույցի պատճառն այն է եղել, որ մարզպետարանը եւ Իջեւանի քաղաքապետարանը չեն վերանորոգում Մ4 ավտոճանապարհը, ինչի հետեւանքով բնակիչները, գրեթե ամեն օր կանգնում են խնդրի առջեւ:

«Ես իրանց նման մեծահարուստ չեմ, փող չունեմ, որ ամեն օր ավտո սարքեմ: Այսօր ավտոս ընկավ փոսը՝ անիվը ծակվեց, ջղայնացա, ճանապարհը փակեցի ու ասացի՝ ով տղա է, թող գա, հետս բողոքի: Այդպես մի 400 հոգի հավաքվեց»,- նշում է Սեւադա Ղուկասյանը:

Բնակչի խոսքով՝ բողոքելով մեկ այլ խնդրի լուծում էլ են պահանջել: Բոլորովին վերջերս մարզկենտրոնի քաղաքային իշխանության կողմից Իջեւանի շուկայի հատվածում տարանջատվել են միջքաղաքային եւ միջպետական ավտոճանապարհները: Այս նորամուծությունը նպաստել է այն հանգամանքին, որ գյուղմթերքը քիչ սպառվի:

«Բերել միջպետական եւ միջքաղաքային ճանապարհների մեջտեղում բորդյուրներ են շարել: Դրսից որ գալիս են՝ չեն տեսնում շուկայի այն մասը, որտեղ մենք ապրանք ենք ծախում: Մեր միակ ապրելու միջոցը դա է, որ չծախենք, ոնց ապրենք»,- նշում է բնակիչը:

Սեւադա Ղուկասյանը armtimes.com-ի հետ զրույցում նշում է, որ սպասելու են երեք օր, որից հետո, եթե մարզպետը իր պայմանը չկատարի, կրկին ոտքի կկանգնեն:

«Մյուս անգամ ճանապարհն այնպես կփակենք, որ շրջանցելու հնարավորություն չունենան: Այս անգամ ցույցը ինքնաբուխ էր, լավ չկազմակերպեցինք»,- ասում է Ղուկասյանը եւ ավելացնում, որ ոստիկանությունը փորձել է իրեն բերման ենթարկել, սակայն ցույցի մասնակիցները թույլ չեն տվել:

Armtimes.com-ը դեպքի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ Տավուշի մարզպետարանից, սակայն լրատվության պատասխանատում Անի Մելիքսեթյանը ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իջեւանի քաղաքապետ՝ Վարդան Ղալումյանը մեծ դժվարությամբ պատասխանելով  մեր հեռախոսազանգին՝ հեգնական նշեց. «Ամեն ինչ ընտիր ա, ես ժամանակ չունեմ, ինձ մի խանգարեք»:

armtimes.com

kotayk

Լրահոս