11 Հունվարի, 2017

  Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը, հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ (նախկին խմբագրությամբ՝ 21.1-ին հոդվածի 3-րդ մաս):

Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։

Այսպիսով, քաղաքական մեծամասնություն չունեցող քաղաքապետն անհամատեղելի է ավագանու մեծամասնության հետ և ըստ այդմ փաստացի անգործունակ, ինչի հետևանքով պարբերաբար՝ առնվազն ամիսը 1 անգամ խախտվում է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքը՝ իր հետ բերելով միայն բացասական հետևանքներ:

Փաստն այն է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ պայմանավորված է քաղաքական հայացքներով և սկզբունքներով, որոնք չեն կարող վերանայվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։

Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան»կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ  Մհեր Շահգելդյան

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

kotayk

Լրահոս