8 Հունվարի, 2018
 Նախօրեին Մայր Տաճարում մատուցված Սուրբծննդյան պատարագի ու ջրօրհնեքի արարողության ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարմամբ խաչքավորի դերը ոչ միայն հանրությունը, այլեւ ՀՀԿ-ում ծափողջուններով չեն ընդունել։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ երիտթեւում բուռն քննարկում է ծավալվել՝ ո՞ր արժանիքի համար են խաչը վստահել վերջին շրջանում հեղինակության անկում արձանագրած նախարարին։ Նրանք վերհիշել են բազմաթիվ խաչքավորների, որոնք մասնակցել են եկեղեցական ծիսակատարություններին, սակայն նրանցից որեւէ մեկը խաչը ձեռքին չի մտել ժողովրդի մեջ։

Եկել են այն եզրահանգման, որ այդ կերպ փորձ է արվել բարձրացնել նախարարի վարկանիշը, քանի որ տարկետման վերացման գործընթացի եւ համապատասխան օրենքի ընդունման քննարկումների պատճառով նա բավականին հեղինակազրկվել է։ Ի դեպ, Խաչի կնքահայր դերում Վիգեն Սարգսյանը միակ հանրային դեմքը չէր։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույն օրը, նույն պահին խաչքավոր էր Լոռվա Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Արթուր Աբրահամը` Սուրբ Ստեփանոսում։ Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, մյուսներին հանրությունը նույն ուշադրության չարժանացրեց։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախարարի ու նախարարության հանրային վարկանիշն է, բանակում առկա խնդիրների ֆոնին նախարարի անձի՝ իր առաքելությունից տարբերվող կարգավիճակում հանդես գալը։

Եկեղեցական կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, որը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենիքի և մարդկանց նկատմամբ եւ ամենակարեւորը՝ հանրային ընկալումը։ Վիգեն Սարգսյանը միակ զինվորականը չէ, որին վստահվել է եկեղեցու «խաչը»։

Մայր տաճարում Խաչի կնքահայր լինելու պատիվը երկու անգամ՝ 2010 եւ 2017թթ վստահվել է նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ 2016թ-ին Ջրօրհնեքի Խաչը պահելու պատիվն Ամենայն Հայոց կաթողիկոսը հանձնեց ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Տարբեր տարիներին «խաչակիրներ» են եղել Տիգրան Մանսուրյանը, Սեն Արեւշատյանը, բարերար Հրաչ Թուֆարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, այլ հեղինակավոր անձնավորություններ, որոնց «քավորությունը» բուռն արձագանքի չի արժանացել։ 2015թ-ին շատ ավելի մեծ արձագանք էր առաջացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խաչքավորությունը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Սակայն քաղաքական էլիտայի երեւելիները ոչ մի կերպ չեն հասկանում, որ խաչն իրենց ոչ թե պահապան է լինում, այլ դարձնում հանրային քննարկման առարկա, բացահայտում՝ հանրության բացասական վերաբերմունքը։

Նյութը ՝Hraparak.am-ի

kotayk

Լրահոս