11 Մայիսի, 2021
Մայիսի 9-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում պատերազմում զոհված կամավորներից մեկի մայրը վիրավորական խոսքեր էր հնչեցնում նրա հասցեին: Ավելի ուշ կարծիքներ հնչեցին, որ նա զոհվածի մայր չէ և այդ ամենը բեմադրված է եղել: Իրավաբան.net-ը կապ հաստատեց այդ կնոջ հետ, ով Արցախյան պատերազմում զոհված կամավորական Սուրեն Բաբայանի (Կապավոր Կյաժ) մայրն է՝ Գալինա Բաբայանը:

«Որ ինքն ինձ չարհամարհեր, ես իրեն չէի վիրավորի: Ժպիտը դեմքին հեռվից իջնում էր: Իրեն հարցրեցի՝ Ինչո՞ւ Աղդամի տղերքին տարաք Շուշի, շրջապատման մեջ գցեցիք, սնայպերները խփեցին, ասաց՝ գնացեք մեղավորին հարցրեք»,- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի մասին ասաց Գալինա Բաբայանը:

Խոսակցությանը միջամտել է Լևոն Քոչարյանը, ասել է, որ ինքն էլ է առաջնագծում եղել պատերազմի օրերին. «Ասացի՝ ես քեզ հարց չունեմ տալու, ես քո հորն եմ հարցնում՝ թող բարի լինի կանգնի, պատասխանի»,-ասաց նա:

Զոհվածի մայրը նշեց, որ ինքը այդ հարցը կտար յուրաքանչյուրին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին: Պարզապես այդ պահին Ռոբերտ Քոչարյանն է անցել և նրան է հարցրել: Տիկին Բաբայանն ասում է, որ վիրավորվել է նախագահի քմծիծաղից:

«Որ ինքը գնաց, ես անպատվել եմ, շատ տեղին եմ արել, ես չեմ ափսոսում, թեկուզ ինձ սպանի: Եթե կանգներ ինձ հետ խոսեր ես չէի անի նման բան»,-նշեց նա:

Գլինա Բաբայանը պատմեց, որ 4 երեխա ունի՝ 3 որդի և դուստր: Որդիներից Սուրենն ու Անդրանիկը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մեկնել են մասնակցելու պատերազմին:

Սուրեն Բաբայանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 3-ին: 2008 թվականին ծառայել է Եղնիկներում, եղել է հրետանային դիվիզիոնի կապավոր:

«Կյաժս գնաց Աղդամ (Ակնա), Անդոս՝ Հադրութ: Կյաժս 42 օր մնացել է Աղդամում: Վերջին անգամ իր հետ խոսել եմ նոյեմբերի 5-ին, զգում էի,որ արդեն անհանգիստ է, ասաց՝ մերս հաջողություն քեզ, ես գնում եմ Շուշի, հասանելի կլինեմ, էլի կզանգեմ: Մինչև օրս սպասում եմ իր զանգին»,-պատմեց մայրը:

Սուրենը զոհվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 6-ին:

Տիկին Գալինան պատմում է, որ ինքը որդու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո հիվանդանոցում է եղել, մի քանի օր շարունակ քնաբերի ազդեցության տակ է եղել:

«Տղաս 42 օր Աղդամում էր, ինչի՞ իրեն ոչին չեղավ, տարան Շուշի տվեցին կրակի տակ, բա տենց բան կարելի՞ ա, բա իրեն հարց չտա՞մ»,-ասաց նա:

Սուրենի մայրն ասաց, որ տեղյակ չի եղել, որ իրեն նկարում են:  

kotayk

Լրահոս