17 Դեկտեմբերի, 2017

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի պահանջով Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքում ընդգրկվել են Բերդ քաղաքային՝ Այգեպար, Արծվաբերդ, Մովսեսգեղ, Չինչին, Ծաղկավան, Ն.Կ. Աղբյուր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Վարագավան, Այգեձոր, Իծաքար, Նավուր, Պառավաքար, Վ.Կ. Աղբյուր, Տավուշ գյուղական համայնքները: Նոյեմբերի  5-ին ՏԻՄ ընտրություններին, խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի  պաշտոնի համար առաջադրվել էին գործող քաղաքապետ՝ Հարություն Մանուչարյանը, Ավետիք Ադամյանը, Կարեն Շահնազարյանը և Սասուն Սաֆարյանը: Թերևս  պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ Ավետիք Ադամյանի և Հարություն Մանուչարյանի միջև: Հիշեցնենք նաև, որ Ավետիք Ադամյանը Տավուշի մարզպետի խորհրդականի հայրն էր, իսկ Հարություն Մանուչարյանը գործող քաղաքապետը, ով ընտրվել էր 2012թվականին:  Mnews.am -ի լրագրողը Տավուշ կատարած այցի շրջանակներում հանդիպեց և զրուցեց խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ, ով ներկայացրեց խոշորացած համայնքերի խնդիրները և հետագայում կատարվելիք ծրագրերը: 

-Պարոն Մանուչարյան ինչու՞ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ ։

-Այդ որոշումը եղել է 2012 թվականից և բնակչությունն իր  գոհ կամ դժգոհ լինելն վերարտադրեց և արտահայտեց մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 5-ին: Եթե անցած տարիների ընթացքում ստացվել է գործն առաջ տանել, ապա այսօր տեսանելի են: Եթե հնարավոր է Բերդում ևս առաջընթաց գրանցել, և նշանակություն չունի, որ սահմանամերձ գոտում ենք և մշտապես զգուշանալու կարիք ունենք:

-Սահմանամերձ քաղաքում հնարավո՞ր է գյուղատնտեսության, հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրները կանխող գործողություններ իրականացնել: Եվ  առհասարակ ինչպե՞ս եք  կարողանում համաչափ  զարգացնել բնագավառներ, դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում նաև տոն օրերը, կանանց և աղջիկներին մշտապես նվերներով եք ոգևորում:

Եթե մենք ապրում ենք սահմանամերձ գոտում, ի՞նչ եք կարծում, նրանք չունե՞ն նույն զգացողություններն ու ուշադրության կարիքը, որը որ կունենան մայրաքաղաքում, կամ մեկ ուրիշ վայրում: Ես չեմ մտածում, որ եթե մարտի 8-ին փողոցում անցնող կանանց քաղաքապետարանի կողմից ծաղիկներ ենք նվիրում, պիտի քննադատվի, ընդհակառակը, դա մեր կանանց ևս մեկ անգամ գնահատելու փոքրիկ ժեստ է: Առաջին հերթին երբևիցե չեմ ուզենա տեսակավորել կամ համեմատել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին մյուսների հետ, բայց ամեն դեպքում նրանք հավատացեք առավել ուշադրության կարիք ունեն: Մենք անցած ուղի ունենք, պատերազմ ենք անցել, անցել ենք մեր տիկնանց և աղջիկների ձեռքերն ամուր բռնած, ովքեր երբևէ չեն թողել մեզ կռվի դաշտում և առաջ ընթացել, ընդհակառակը՝ կանգնել և իրենց փափկասուն և խնամված կանացիությունը զոհել են հանուն հայրենիքի: Տարիներ շարունակ նրանք կանացի աշխատանք չեն կատարել, երբ մեր տղամարդիկս եղել ենք սահմանում, կռվի դաշտում, նրանք են զբաղվել տան կենցաղային տնտեսական գործերով, մենք ինչ էլ անենք, միևնույն է նրանց արածի հատուցմանը չենք արժանանա:

Պարոն Մանուչարյան, ամեն դեպքում համայնքների խոշորացմանն ինչպե՞ս վերաբերվեց ժողովուրդը:

Մինչև ընտրությունները բնակիչները դժգոհություններ էին արտահայտել, բայց դե ամեն ինչն էլ հարմարվելու վրա է: Ես դեռ շարունակում եմ համայնքներում նշանակել ներկայացուցիչներին, հիմնականում մնում են նախկին ղեկավարները, իրենց փորձի համար: Բայց դրանով պետք չէ առաջ շարժվել, քանի որ որևիցե կադրային փոփոխություններ տեղի չեն ունենա, նորություններին կողմնակից եմ և խիստ դեմ եմ կադրային ջարդին: Ես կարող եմ հրավիրել իմ կաբինետ այն մարդկանց, ում խնդրել եմ, որ ինձ մոտ աշխատեն, դա էլ է նորմալ: Միշտ աշխատանք առաջարկելիս սկսում եմ ցածրից՝ աստիճանաբար վերելքներն ապահովելով:

-Ծանոթ ե՞ք խոշորացված համայնքերի խնդիրներին:

-Այո, հիմնականին ծանոթ եմ և ընթացք տալիս ենք աշխատանքներին որպես իրավահաջորդ, ամեն գործ սկսելուց առաջ իմ աչքով տեսնում նոր եմ ընթացք տալիս:

-2012թ. ընտրվեցիք Բերդ քաղաքի քաղաքապետ, բայց հիմա արդեն համալրվել է 16 համայնք ևս: Ինչպիսի՞ աշխատանքներ են սպասվում:

– Մինչև համայնքի խոշորացումները, Բերդի տարածաշրջանի գյուղապետերը միշտ էլ միասին են եղել և համախմբված, քանի որ իրար դեմ չենք աշխատել, աշխատել ենք միասնական սկզբունքով, ոչ թե դեմ-ի համար, այլ հանունի, մշտապես օբյեկտիվ որոշումներ ենք կայացրել: Բոլորս հավասար ձայն ենք ունեցել, հույս ունեմ, որ նույն կերպով կշարունակենք աշխատել: Եթե կլինի որևիցե վարչական շրջանի ղեկավար, ումից առավել բան կիմանամ ես, ապա այդ ղեկավարն իր տեղում չէ: 

– Տեսնում էիք Ձեր մրցակցին որպես արժանի մրցակցի, թե՞ ամեն դեպքում …

-Այո, ես միշտ էլ հակառակ կողմին նկատում և հարգանքով  եմ վերաբերվում, բայց ներքին զգացում ունեմ ու ունեի, որ ժողովուրդն ինձ է ընտրելու: Իմ  ընտրություններին ընդառաջ  բոլոր համայնքներում  խոսքս շատ հակիրճ է եղել, խոստումներ երբևէ չեմ տվել, միշտ ասել եմ օրը կգա կտեսնենք, հավատով եմ խոսել, բայց սինն ու կեղծը չեմ մատուցել: Եթե ես վստահ չլինեի հաստատ թեկնածությունս չէի առաջադրի: Կային տեխնիկական խնդիրներ, բայց կարծում եմ մինչև դեկտեմբերի վերջ ժողովրդի հոգսը կթեթևանա: Ես համոզված եմ, որ եթե 5 տարի անց որոշվի համայնքներն ապախոշորացնել, ապա բնակիչները կընդդիմանան, այդքան լավ եմ աշխատելու: Որևէ համայնքում ես չեմ լինելու համայնքի ղեկավար, ես լինելու եմ տվյալ վարչական շրջանի տեղակալը, բոլորը միասին լինելու են  իմ տեղակալը: Ամիսներ անց պտուղները կքաղենք և կտեսնենք տեսանելի արդյունքներ:   

Երբևիցե ժողովրդի հետ չեմ շփվել որպես քաղաքապետ, այլ որպես շարքային քաղաքացի, ով ունի իր խնդիրները, բայց պատրաստակամ է օգնելու բնակչին: Ինձ համար պոռոտախոսությունն ու անիմաստ ոգևորությունները պատվաբեր չեն,արդեն իսկ 50-ամյա մարդ եմ, ով տարիներ շարունակ վաստակել  է անուն: Համայնքի ղեկավարը պետք է լինի բնակիչներից մեկը, և պետք է տարբերվի որոշակի հոգսերով, փառք Աստծո ընտրություններն այսօր մեկ կամ երկու գյուղով չի որոշվում, այլ տասնյակ, իսկ պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում: Բացի Բերդ քաղաքից, որտեղ ունեի աշխատանք կատարած և ճանաչողություն, մնացած բոլոր գյուղերում միանման ձայներով հաղթել եմ:

Պարոն  Մանուչարյան մարզպետ Հովիկ Աբովյանն ընտրություններից առաջ  մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընտրապայքարում չի փորձի ունենալ ֆավորիտներ,քանի որ դուք գործող քաղաքապետն էիքիսկ մյուս թեկնա-ծուն մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի հայրը՝  Ավետիք Ադամյանն էր:

– Ես չեմ կարծում, որ չի ունեցել հավակնորդ թեկնածու, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ դա նորմալ երևույթ է, և թշնամաբար չեմ վերաբերվում մարդկանց կարծիքին: Ինչու այդպես ասացի, քանի որ իմ  նախընտրական շտաբի մոտով անցել է չի կանգնել, բայց եկել է հաջորդ թեկնածուի հավաքույթին, մասնակցել, և երբ իրեն խոսք են տվել, ժողովրդին կոչ է արել քվեարկել մյուս թեկնածուի օգտին: Ես չեմ զգացել երբևիցե իմ անձի հանդեպ վատ վերաբերմունք, դրա առիթը չի եղել: Կուսակցությունը թույլ է տալիս ազատ քայլ, կամք, ցանկացած ՀՀ կուսակցության ներկայացուցիչ պետք է ունենա իր նախընտրությունը: Մեր կուսակցության որոշումից նա չի շեղվել: Իմ պարագայում դա բնականոն երևույթ է, ինձ միշտ իշխանությունը դեմ է եղել, սակայն ես հաղթել եմ ի շնորհիվ իմ ժողովրդի:Ցանկացած ընտրության հաջորդ օրը չեմ անդրադառնում նախորդ օրվան, ես ընտրություններով չեմ ապրում․․․

-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Բերդ քաղաքը:

Եթե դուք մտածում եք, որ ես որոշ առավելություններ պիտի տամ Բերդ քաղաքի և մյուս գյուղերի միչև ապա ասեմ որ, ոչ , այն ինչ որ Բերդում եղել է, ինչ խնդիրներ դրված են եղել Բերդի առաջ, նույնը պիտի կարողանանք կազմակերպել մյուս համայնքներում: Դա երկար և տաժանակիր աշխատանք է պահանջում: Այսօր տարբերություն չկա ցանկացած գյուղի մանկպարտեզ պիտի լավ վիճակում գտնվի, փորձի փոխանակման արդյունքում բոլոր գյուղերում  էլ կկարողանանք նորմավորել ժամանակակիցն ու պահանջվածը: Կան հարցեր, որոնք իրականում չենք էլ կարող հավասերեցնել, բայց մոտեցնել հնարավոր է: Համենայնդեպս,  մինչև խոշորացումն էլ նույն կերպ  եմ աշխատել, այն ժամանակ էլ չգիտեի, որ այսօր խոշորացում պետք է լինի, սակայն եղել եմ օբյեկտիվ:

Ունեմ մի կարգախոս, որ մենք չենք գնացել խոշորացման, մեր շամշադինցիները միշտ երազել են մեր Շամշադին աշխարհը տեսնեն ամբողջականացված, վերակազմավորված, մնում  է միայն այս ամենը հասցնել մի կետի, որը կուրախացնի մեզ, իսկ լավագույնին  հասնելու միակ գրավականը համայնքապետերի, արդեն իսկ վարչական շրջանի ղեկավարների մշտական և կանոնավոր աշխատանքն է: Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կունենանք մեծ ձեռքբերումներ:

 Խոշորացման պրոցեսն ավարտվեց, եկավ թերևս ամենաբարդը՝ բյուջեի կատարողականը, դժվար չէ՞  աշխատանքը շարունակել արդեն իսկ փոխված ծրագրով:

-Չէի ասի, քանի որ մեր աշխատանքներն համակցված են ֆինանսների նախարարության հետ: Մեխանիկական խնդիրներ չունենք, մնում է մինչև դեկտեմբերի ավարտը  կարողանանք նախնական 2018 թվականի բյուջեն կազմենք, սպասարկվող անձնակազմի հաստիքացուցակներն հաստատենք,  հրատապը այս երկու խնդիրն են, որ կվերջացնենք շուտով, մի քանի շաբաթ անց  համայնքը կապրի, կաշխատի բնականոն կյանքով:

-Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում համայնքում:

-Տարին վերջանալուն օրեր են մնացել, և մեզ մնում է խոսել տարեմուտի հանդեսի մասին, այն ինչ որ պլանավորել ենք միանշանակ կիրականացնենք՝ ամանորյա միջոցառումներ, նվերներ երեխաներին և երաժշտական միջոցառումներ:

-Աշխատատեղերի խնդրը որքանո՞վ է լուծված:

Հաշված ամիսների ընթացքում, Բերդում կշահագործվի Տեքստիլ ընկերությունը, ներկայումս  ունենք Արծվաբերդի մասնաճյուղում 70 աշխատատեղով համակցված ֆաբրիկա, Մովսես գյուղում  30 աշխատատեղով, շուտով նաև՝ այստեղ: Իսկապես մեծ գործ է 700 աշխատուժ ունեցող ֆաբրիկա ստեղծելը և աշխատեցնելը, մանավանդ որ աշխատանքի ճնշող մեծամասնությունը կանացի աշխատանք է: Սեփականատիրոջ կողմից սա ոչ թե բիզնեսային մտահղացում է, այլ մեծ բարերարի քայլ, նաև ռազմավարական նշանակություն ունեցող: Մենք իր շնորհիվ Չորաթանում  ունենք արդյունք, 7 ընտանիք վերադարձել  և բնակություն է հաստատել գյուղում: Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ վերաբնակեցվողների թիվն էլ ավելի կբարձրանա՝ ի օգուտ մեր մարզի:

Պարոն Մանուչարյան Ձեր մաղթանքն ու խոսքը բնակիչներին Ամանորին ընդառաջ:

-Ուզում եմ իմ շնորհակալական խոսքս հայտնել բնակչությանս և նրանց, ովքեր արտերկրում բնակվելով չեն մոռանում իրենց քվեն տալու մասին և պարտաճանաչ մասնակցելու ընրություններին: Բոլորս մեկ թիմ ենք, այստեղ չկան հաղթողներ կամ պարտվողներ:Ոչ մեկը չի կարող միայնակ աշխատել, մեկս բոլորի կողքին ենք, բոլորս մեկի: Ի սրտե մեր ժողովրդին շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ առաջինը մեր երկրում լինի խաղաղություն, որպեսզի զինվորները խաղաղ ծառայեն և վերադառնան իրենց ընտանիք: Ուզում եմ, որ բոլորը ժպտան, առողջ լինեն, բոլորս իրար շատ սիրենք և տիրի միայն բարձր տրամադրություն, դա հոգսն ու պարտականությունները միմիայն թեթևացնում են:

Mnews.am

kotayk

Լրահոս